mardi 18 décembre 2007

Հայաստանի հանրային հեռուստատեսության տնօրինությանը

«Հայաստանի հանրային
հեռուստատեսություն»
375047
ՀՀ,Երևան, Նորք
Գևորգ Հովսեփյան 26
Հեռ։ +374 10 65-00-15
E-mail : karine@armtv.com, diana@armtv.com,
alik@armtv.com, marat@armtv.com,
satellite@armtv.com

ԴԻՄՈՒՄ–ԲՈՂՈՔԱԳԻՐ

Մեր վրդովմունքն ու բողոքն ենք հայտնում Հայաստանի հանրային հեռուստատեսության տնօրինությանը ձեր
եթերով հեռարձակված լրատվական հաղորդումների միակողմանի, գործող իշխանությունների տեսակետները
արտահայտելու դեմ։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հ1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հարկային
վճարումներով ֆինանսվորվող կառույց է և այն պետք է անաչառ, բազմակարծություն ապահովող լրատվական
ծրագրեր հեռարձակի։
Մասնավորապես չենք կարող չմատնանշել նախընտրական և հետընտրական շրջանում «ՀԱՅԼՈՒՐ»
լրատվականի ակնառու և ակնհայտ իշխանական հայտնի թեկնածույի գովազդող ուղղվածությունը։
Այս հաղորդման աշխատակազմը, լրագրական ոգուն մեղանչելով, բացահայտ քարոզչական թողարկումներ է
արձակում։ Նման աշխատաոճը արտերկրում ապրող հարյուրհազարավոր հայորդիներին զարմանք, ապա
զայրույթ է պառճառում։ Այնինչ բազմաթիվ օտար լրատվական աղբյուրներ լուսաբանում են Հայաստանում
նեկա բոլոր իրադարձությունները (FRANCE 24, EURONEWS, TF1, I-TV և վրացական մեծ ու փոքր
կայաններ)։
Շատ ամոթալի է, որ մեր անկախության 17–ամյակը պիտի դիմավորենք «լճացման տարիներին» բնօրոշ,
ինքնաքննությամբ կաշկանդված հայաստանյան լրատվական ընկերակցությամբ։
Մենք, կարծես, անցած էինք համարում այն ժամանակները, երբ իրազեկման ծարավով «Ամերիկայի ձայն» կամ
«Ազատություն» էինք որսում։
Արդյո՞ք այն ժամանակ, երբ Արցախյան հերոսամարտի արշալույսին միլիոնավոր հայեր «ՎՐԵՄՅԱ»
խորհրդային լրատվական ծրագրի հաղորդած ստերից անզոր ընդվզած, այսպիս՛ի ապագայի հեռանկերներ էինք
ակնկալում 2008 թվականին, 21–րդ դարի սկզբին։
Ճշմարտության առաջ մեղանչած կլինենք, եթե չնշենք ձեր եթերում պ. Բախտամյանի սկզբնավորած
պատմական հաղորդաշարի (Մեր պատմության էջեր) անգնահատելի ներդրումը հայապահպանության գործին։
Վերջացնելով մեր նամակը՝ հույս ենք հայտնում, թե մոտակայում կխախտեք իշխող քաղաքական ուժին ձեր
տված հավատարմության երդումը,գիտակցելով ձեր կոչումը՝ կանցնեք 90–ական թվականների ազատական
ոգուն հարազատ, արհեստավարժ աշխատանքի։
Հարգանքներով՝ մի խումբ ֆրանսաբնակ հայեր

lundi 3 décembre 2007

Արմենակ Աբրահամյանը Մարսելի ռադիո «Դիալոգ»–ում

Դեկտեմբեր երկուսին Մարսելի ռադիո «Դիալոգ»–ի Սերժ Տակտալյանի վարած հայկական ռադիոժամով ելույթ ունեցավ Արմենակ Աբրահամյանը, որը հանդիսանում է Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի անդամ։
Նյութը ֆրանսերեն է։




Մեր հատուկ շնորհակալությունները Սերժ Թակթալյանին ձայնանյութի տրամադրման համար։

samedi 24 novembre 2007

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԸ


ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆԵՐԸ ԿԱՄ Ո՞Վ Է ՀԱՅԸ


ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ


Հայաստանի եւ հայության զարգացման ներկա բարդագույն ժամանակահատվածում հայկական ինքնության հիմնախնդիրը ոչ միայն ակադեմիական հետաքրքրություն է ներկայացնում, այլեւ ունի լուրջ գործնական նշանակություն: Ուժեղ ազգային ինքնությունը ռազմավարական ռեսուրս է ազգային պետության կառուցման եւ ամրապնդման գործընթացում, մինչդեռ ազգային ինքնության լղոզումը բնավ չի նպաստում, այլ ավելին, խոչընդոտում է համազգային խնդիրների եւ նպատակների շուրջ անհատի եւ հասարակության միավորմանը:
Ի վերջո, ո՞վ է այսօր հայը: Որքան էլ հարցը նուրբ է եւ շոշափում է միլիոնավոր մարդկանց (հատկապես արտերկրում բնակվող մեր հայրենակիցների) զգացմունքները, այդուամենայնիվ նրան պատասխանելն անհրաժեշտ է: Թեման հավուր պատշաճի լուսաբանելու համար նախ եւ առաջ համակողմանիորեն ներկայացնենք այն իրադրությունը, որում գտնվում է հայ ազգն այսօր. այն անառարկելի իրողությունները, որոնք մենք պարտավոր ենք տեսնել եւ ընդունել այնպես, ինչպես նրանք կան, այլ ոչ թե աչք փակել, ինչպես անում է հայության մի ստվար հատվածը, ներառյալ նրա «վերնախավը»:
Այսպես.
Իրողություն 1. Հայ ազգը կանգնած է անհետացման վտանգի առջեւ իր Հայրենիքում՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Ջավախքի տարածքում: Այդ վտանգը բխում է միաժամանակ մի շարք փոխկապակցված աղբյուրներից.
ա) Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի հնարավորություն.
բ) ծայրաստիճան սրված ժողովրդագրական ճգնաժամ (հանրապետությունը լքել է ավելի քան մեկ միլիոն մարդ, իսկ շարունակվող արտագաղթը բացասաբար է ազդում երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների վրա).
գ) տեղապտույտ հայկական պետության եւ նրա քաղաքական հաստատությունների կայացման գործընթացում.
դ) Հայաստանի ազգային անվտանգության հայեցակարգի անմշակվածություն (2007թ. փետրվարին ընդունված «Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը» դեկլարատիվ փաստաթուղթ է, որը, պաշտոնական հայտարարության համաձայն, գրված է Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի փորձագետների «մեթոդադաբանությամբ» եւ «խմբագրմամբ»). արդյունքում չկա ազգային շահերի վրա հիմնված հստակ արտաքին քաղաքական ուղղվածություն:
ե) Հայաստանի ծանր կախվածություն արտաքին ուժերից.
զ) Սոցիալական լարվածություն՝ իր դասակարգային ու տարածքային առումներով հանդերձ (այդ թվում նաեւ արհեստականորեն ստեղծված, բայց արդյունավետորեն պահպանվող «հայաստանցի» եւ «ղարաբաղցի» վտանգավոր հակադրությունը, քաղաքական գործիչների եւ հաստատությունների նկատմամբ համընդհանուր անվստահությունը, որոշումներ կայացնելուց ժողովրդի օտարումը).
է) հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներն ընդգրկած համատարած կաշառակերության դեմ որեւէ պայքարի բացակայություն.
ը) Հայաստանում լեզվական հետեւողական քաղաքականության բացակայություն, գործնականում՝ մայրենի լեզվի անպաշտպանվածություն.
թ) Ջավախքից հայերին դուրս մղելու՝ Վրաստանի որդեգրած պետական քաղաքականություն, որն իրականացվում է վարչական, տնտեսական, հոգեւոր, մշակութային, ժողովրդագրական, լեզվական ճնշումների եւ արդեն իսկ հստակ ուրվագծվող ուժային եղանակների միջոցով:
Հարկ է հատուկ նշել ամենահրատապ վտանգը՝ Թուրքիայի մասնակցությամբ մեթոդապես ծրագրվող ու մանրազնին նախապատրաստվող ադրբեջանական ներխուժման լուրջ հավանականությունը, որի հաջող իրականացման՝ Արցախի եւ հարակից ազատագրված տարածքի բռնազավթման դեպքում, Հայաստանի Հանրապետության անհետացումն աշխարհի քարտեզից կդառնա անխուսափելի, քանի որ հաջորդ (եթե ոչ միաժամանակյա) հարվածը կհասցվի թյուրքական երկու դաշնակիցներին տարանջատող վերջին պատվարին՝ Սյունիքին, որն առանց արցախյան «պատնեշի» զրկված կլինի գոյատեւման հնարավորությունից: Հայաստանի կենտրոնական շրջանների հետ Սյունիքի թույլ հաղորդակցուղիները, պաշտպանության խորքայնության բացակայությունը, հակառակորդի մոտ ժամանակակից հրետանային այնպիսի համակարգերի առկայությունը, որոնք ընդունակ են ռմբահարել Սյունիքի ողջ տարածքը, ինչպես նաեւ Արցախի անկման հետեւանքով առաջացած հոգեբանական հարվածը ռազմավարապես կենսականորեն կարեւոր այդ երկրամասի պաշտպանունակությունը կիջեցնեն զրոյական աստիճանի: Հայաստանի մնացյալ մասը թուրք-ադրբեջանական օղակի մեջ առնելը Հայաստանը կվերածի անդրկովկասյան Սվազիլենդի տիպի մի գետտոյի, եւ այնուհետեւ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի ոչնչացումը, եթե ոչ ռազմական, ապա տնտեսական, քաղաքական ու հոգեբանական ճնշման միջոցով լոկ ժամանակի հարց կլինի: Զրկվելով կայուն զարգացման հեռանկարից եւ աշխարհով մեկ սփռված միլիոնավոր հայերի հնարավոր ապաստան լինելու հնարավորությունից, երկրաչափական պրոգրեսիայով աճող լայնածավալ արտագաղթի արդյունքում Հայաստանն այնքան կթուլանա, որ հեշտությամբ կկլանվի Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի կողմից: Ու թեեւ հայ ժողովուրդը մեկ անգամ՝ 1990-ական թթ., չեզոքացրեց այս նույն սցենարը, թուրք-ադրբեջանական դաշինքը չի հրաժարվել այն կրկնելու մտքից եւ, եթե հայությունը պատրաստ չեղավ արդյունավետ դիմադրություն ցույց տալ, այդ դաշինքը փորձելու է ռեւանշ վերցնել:
Իրողություն 2. Հայությունը կկարողանա գոյատեւել միայն այն դեպքում, եթե գոյատեւի Հայաստանը (որպես պետություն եւ այնտեղ ապրող հայ ժողովուրդ):
Իրողություն 3. Առանց Հայաստանի հայկական Սփյուռքը չի կարող ներկայացնել ազգ, այսինքն` կենսունակ մարմին, որն ապահովում է հայության պահպանումն ու վերարտադրումը (էլ չենք խոսում հայոց լեզվի ու մշակույթի գոյության ու զարգացման մասին):
Իրողություն 4. Վերջին տասնամյակում կտրուկ արագացել են Սփյուռքում ընթացող ուծացման անողոք գործընթացները` ընդունելով աննախադեպ ծավալներ: Մասնավորապես, արտագնացության հետեւանքով տարեցտարի նոսրանում են Մերձավոր Արեւելքի հայկական հզոր համայնքները, որոնցում մինչեւ վերջերս խիստ հազվադեպ էին խառնամուսնությունները, արդյունավետորեն գործում էին հայկական դպրոցներն ու մյուս համայնքային կառույցները: 20-30 տարի անց Լիբանանի, Իրանի, Սիրիայի երբեմնի ծաղկուն համայնքներից լավագույն դեպքում պահպանվելու են միայն փոքր կղզյակներ, ինչպես դա արդեն տեղի ունեցավ Իրաքում: Իսկ Ռուսաստանում եւ Արեւմուտքի զարգացած երկրներում ապրող հայերը ենթակա են առավել արագընթաց ձուլման:
Իրողություն 5. Առանց հայոց լեզվի չկա հայկական մշակույթ. լեզուն, պետականության ու այդ պետականությանը ենթակա տարածքների հետ միասին, հայ ազգի պահպանման հիմքն ու կարեւորագույն միջոցն է: Այն, որ մեր շատ հայրենակիցներ, հատկապես Սփյուռքում, կարող են առանց հայոց լեզվի իմացության իրենց հայ համարել, հնարավոր է միայն նրա շնորհիվ, որ հայ ազգի Հայաստանում ապրող մասն առ այսօր խոսում, գրում ու ստեղծագործում է հայերեն: Պատկերացնենք վարկածային մի այսպիսի իրավիճակ. Հայաստանի հայերը մոռացել են մայրենին եւ հաղորդակցվում են, ուսում առնում, գրում եւ ստեղծագործում որեւէ օտար լեզվով, կարեւոր չէ` ռուսերենով, անգլերենով թե չինարենով: Դա կարող է նշանակել մեկ բան՝ հայկական քաղաքակրթության, հայկական մշակույթի, հայ ազգի վերջ: Իսկ այսօր հայոց լեզվի ու մշակույթի պահպանման եւ զարգացման հիմնախնդիրն իր ողջ հասակով հառնել է արդեն բուն Հայաստանում:
Դա, ինչպես արդեն ասվեց, կապված է մեր հայրենակիցների արտագաղթելու արդյունքում հայոց լեզուն կրողների թվաքանակի կրճատման (այդ թվում նաեւ մեր ներուժի՝ երեխաների, որոնք արտասահմանում կստանան ոչ հայեցի կրթություն) եւ պետության կողմից հայոց լեզվի պատշաճ պաշտպանության բացակայության հետ: Անկախության 16 տարիներից հետո ժամանակն է լիարժեք գնահատելու լեզվի հիմնարար դերն ու տեղը ազգային կյանքում, որ դեռեւս չի արվում ո՛չ քաղաքական վերնախավի, ո՛չ էլ հայ մտավորականության զգալի մասի կողմից: Ընդհակառակը՝ լեզվաքաղաքականության, ինչպես եւ մի շարք այլ հիմունքային հարցերում, դեռեւս փորձեր են արվում հետ շրջել հայ քաղաքական մտածողությունը:
Հետեւություններ
Հետեւություն 1. Հայությունը գտնվում է գոյապայքարի ակտիվ փուլում իր հայրենիքի աներեւակայելի զոհողությունների գնով պահպանված մի բեկորում: Այլ կերպ ասած, հայ ժողովուրդը պայքարող օրգանիզմ է, որի հիմնական՝ կենսականորեն կարեւոր գործառույթը պայքարն է գոյապահպանման համար:
Հետեւություն 2. Այդ գոյապայքարի հիմնական ճակատներն անցնում են ոչ միայն Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եղած սահմանագծերով, այլ ակնհայտորեն հե՛նց երկրի ներսով` ընդգրկելով եւ՛ ժողովրդագրության, եւ՛ տնտեսության, եւ՛ սոցիալական, եւ՛ գիտության, եւ՛ կրթության ու այլ ոլորտները: Արտագաղթը, անկախ իր պատճառներից, հայերին ամբողջությամբ կամ մասնակիորեն դուրս է մղում գոյապայքարի կենտրոնական դաշտից՝ Հայաստանից: Նրանց հայրենադարձությունը, ընդհակառակը, նշանակում է կենսականորեն անհրաժեշտ ազգային ներուժի համալրում:
Վերը շարադրած ռազմավարական իրավիճակը հիմք ընդունելով` փորձենք պատասխանել այն հարցին, թե ո՞վ է Հայը եւ ինչո՞վ է նա տարբերվում ծագումով Հայից:
Հայ է նա, ով.
1) Հայաստանն ընդունում է որպես իր միակ հայրենիք, ընդ որում ժամանակագրական-տարածքային երկու չափումներում՝ նրա պատմական եւ արդի սահմաններում.
2) Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի ու մշակույթի նկատմամբ ունի ամուր հոգեբանական կապվածություններ.
3) անձնապես պատասխանատվություն է զգում Հայաստանի ճակատագրի համար, ըստ այդմ էլ՝ ստանձնում է հայրենիքի առջեւ քաղաքական պարտավորություններ.
4) արտերկրում բնակվելու դեպքում լրջորեն մտածում ու վերլուծում է իր եւ իր ընտանիքի հայրենադարձության բոլոր հնարավոր տարբերակները.
5) հայոց լեզվի ու մշակույթի կրողն է կամ ձգտում է դառնալ այդպիսին.
6) ցանկանում է իր սերունդը հայ պահել, այդ թվում հայոց լեզուն իր երեխաներին փոխանցելու միջոցով եւ նրանց ազգային մշակույթի ոլորտի մեջ ընդգրկելով:
Իսկ մեր այն հայրենակիցները, ովքեր իրենց հայրենիք են համարում ոչ թե Հայաստանը, այլ իրենց ծննդավայրի կամ քաղաքացիության երկիրը, ովքեր Հայաստանի նկատմամբ քաղաքական պարտավորություններ ու հոգեբանական կապվածություններ չունեն, ովքեր չեն ուզում մտածել Հայրենիքում ապրելու մասին, չեն ուզում լինել հայոց լեզվի կրողը, գիտակցաբար կամ անգիտակցորեն հաշտվել են իրենց սերունդների անխուսափելի ուծացման ու ձուլման հետ, կարող են համարվել ընդամենը ծագումով հայ, քանի որ իրականում նրանք կամ աշխարհաքաղաքացի (կոսմոպոլիտ) են, կամ էլ՝ այլ ազգության ներկայացուցիչ: Եվ բոլորովին կարեւոր չէ, որ նրանք այդ ամենով հանդերձ կուրծք կծեծեն ու կբղավեն, թե իրենք են ամենաիսկական հայերը (ակնհայտ ինքնախաբեություն): Էականն այն է, որ այդպիսի անհատը այլեւայլ պատճառներով հայտնվել է ազգի կենսագործունեությունից դուրս եւ նրանում որեւէ անձնական մասնակցություն այլեւս չի ունենում, այն էլ ազգի համար օրհասական պահին:
Այդ առիթով հարկ է նաեւ նկատել, որ ինչպես յուրաքանչյուր ազգության, այնպես էլ հայի ինքնության հարցում ծագումնաբանությունը երկրորդական նշանակություն ունի: Անհատի իրական ազգային պատկանելության հարցը որոշվում է նրա` այս կամ այն ազգի ընդհանուր կենսագործունեության մեջ անձնական ներգրավվածությամբ եւ ներդրած ավանդով:
Այսպիսով, հային պետք է տարբերել հայկական ծագում ունեցող մարդուց: Սա ամենեւին չի նշանակում առաջինին համարել լավը, իսկ երկրորդին՝ վատը: Պարզապես երկրորդն արդեն չի կարող եւ չի ուզում որեւէ զոհողության գնալ հանուն Հայաստանի եւ արդեն արմատապես տարբեր ազգային ինքնագիտակցություն ունի:
Ծագումով հայերին օգտակար կլինի ազնվորեն, առանց ինքնախաբեության եւ երեսպաշտության նայել ճշմարտության աչքերին. նրանք ըստ էության արդեն դուրս են եկել ազգի կենսագործունեության դաշտից: Այդուհանդերձ, նրանց համար բաց է երկկողմանի ճանապարհը. վերջնական ձուլում կամ վերադարձ ազգային արմատներին՝ հայոց լեզվի ու մշակույթի վերագտնում, մասնակցություն ազգային կյանքին: Այս իմաստով Սփյուռքի մի ստվար հատվածը վերադարձի հնարավորություն ունեցող հայեր են: Ցավոք, բուն Հայաստանում էլ քիչ չեն օտարված հայերը, ովքեր ամբողջովին կամ մասնակիորեն հեռացել, խորթացել ու կտրվել են հայոց լեզվից, մշակույթից ու քաղաքականությունից, չեն գիտակցում ամբողջ հայությանը սպառանացող ոչնչացման ընդհանուր վտանգը:
Ուզում եմ կրկնել այն, ինչ բազմիցս գրել եմ: Հայության պահպանումն արտերկրում ինքնանպատակ լինել չի կարող: Սփյուռքահայության պահպանման բուն նպատակը սեփական հողերում, ազգային պետականության հովանու ներքո վերամիավորվելն է, այսօր՝ այսօրվա Հայաստանում, այն տարածքում, որը գտնվում է հայկական զինված ուժերի հսկողության տակ: Հայապահպանումն ինքնանպատակ դիտելը (ինչպես անում է սփյուռքահայության զգալի մասը) կտրուկ թուլացնում է նույն «հայապահպանման» կարեւորագույն տարրերը:
Ֆիզիկական գոյատեւման համար պայքարը, ցավոք, հայ էթնոսի կենսագործունեության հիմնառանցքն է: Այդ գործառույթն էլ հենց թելադրում եւ կազմում է հայկական ինքնության հիմնասյունը՝ անմիջական անձնական ներգրավվածությունն այն պայքարում, որը մղվում է հանուն ազգային նպատակների իրագործման:
Այսօրվա դրությամբ դրանք են.
1) ցանկացած գնով պահպանել Հայաստանի անվտանգության համար այն նվազագույն անհրաժեշտ տարածքը (ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն՝ իր շուրջն ազատագրված բուն հայկական հողերով հանդերձ), որի վրա Հայաստանը գոյություն ունի իր անկախության ողջ ժամանակահատվածում,
2) իր հայրենիքում հայ ժողովրդի թվաքանակի մեծացում,
3) Ջավախքի հայության պահպանում,
4) սոցիալական արդարության, ժողովրդավարության սկզբունքների, հայոց լեզվի եւ մշակույթի, ազգային մյուս արժեքների ու շահերի պաշտպանության ու զարգացման հիման վրա ազգային իրավական պետության կառուցում:
Այդ պայքարի ճանապարհին հարկ է լինում հաղթահարել հսկայական խոչընդոտներ, գործնական, գաղափարախոսական ու հոգեբանական զանազան արգելքներ եւ քարացած կաղապարներ, որոնք թեեւ իրականում բխում են ոչ հայկական աղբյուրներից, բայց հաճախ են կյանքի կոչվում հե՛նց հայկական քաղաքական կառույցների ձեռքերով, այն կառույցների, որ վաղուց կամ նորերս են ընկել արտաքին ուժերից ստրկական կախվածության մեջ:
Այդ նպատակներով պայքարի մեջ հայի ներգրավվածությունն ի վիճակի է նրան տալ էթնիկ դիմադրողականությունն ամրապնդող հույզերի, զգացմունքների ու գիտելիքների այնպիսի պաշար ու հարստություն, որ նրա մոտ ձգտում եւ պահանջարկ կառաջանա նաեւ յուրացնելու եւ կրողը դառնալու ազգային ինքնագիտակցության հիմնարար տարրերի՝ լեզվի, մշակույթի, ավանդական բարքերի ու սովորույթների:
Ընդհանրացնելով ասվածը, կարելի է եզրակացնել. քանի որ իբրեւ ազգ եւ պետություն Հայաստանը ներքաշված է երկարատեւ պայքարի մեջ թվաքանակով, նյութական պաշարներով ու տարածքով իրեն գերազանցող ուժերի՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի դեմ, ապա այդ պայմաններում հային էթնիկապես տարբերակող ամենաբնական ու գործառութային առումով ամենազորեղ հատկանիշը հայրենիքի ճակատագրի համար պատասխանատվության գիտակցումն ու ստանձնումն է՝ անձնական ուժերի ու հնարավորությունների ներածին չափով:


Արմեն Այվազյանը քաղաքական գիտությունների դոկտոր է, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն
AZG Armenian Daily #217, 24/11/2007 http://www.azg.am/AR/2007112418
Ա.Այվազյանի մասնակցությամբ այս տեսանյութերը նույնպես հայ ինքնության խնդիրներ շուրջ են։
Արեն–Հակոբի եթերում ՝
Շողակաթի եթերում ՝

mercredi 17 octobre 2007

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Արտակ Մովսիսյան

Արևմտյան Հայաստանում անցկացրած օրերիս մասին տպավորություններ պատմելու նպատակով չէ, որ գրիչ եմ վերցնում: Պարզապես կան բազմաթիվ երևույթներ, որ հեռվից, Արևմտյան Հայաստանում չլինելով, լիովին այլ կերպ ենք պատկերացնում, իսկ երբեմն էլ չենք պատկերացնում: Նման խնդիրների մասին է, որ ցանկանում եմ կիսել մտորումներս հայրենակիցներիս հետ, մտորումներ` ծնված մտահոգություններից, որոնք հաստատ միայն իմը չեն...

Մեզանում կան տարածված թյուր պատկերացումներ, թե իբր Արևմտյան Հայաստանում թուրքերը չեն կառուցում, քանի որ իրենք էլ գիտեն, թե մի օր հետ են տալու մեզ: Ինքս էլ հավատում եմ, որ արդարությունը վերականգնվելու է, մենք վերատիրելու ենք մեր հայրենի հողերին, բայց, որ թուրքերը չեն կառուցում՝ լիակատար ինքնախաբեություն է: Թուրքերն ամեն բան անում են յուրացնելու համար մեր բնիկ տարածքները: Պետությունը հսկայական միջոցներ է ներդնում, ամենուրեք շինարարություն է ընթանում մեծ չափերով ու թափով (և՛ ճանապարհներ, և՛ շինություններ): Ընկերներս, որ նախորդ տարի էին եղել նույն վայրերում, զարմացել էին` տեսնելով, որ իրենց տեսած անկտուր տներն ունեին նոր կտուրներ` բոլորը միանման: Այդ միատեսակությունն էլ վկայում էր ծրագրված պետական քաղաքականության մասին։

Զգոն պետական քաղաքականության մասին վկայող հատկանշական մի դեպք տեղի ունեցավ մեզ հետ Այանիս ամրոցից դեպի Վան տանող ճանապարհին: Մտածելով, որ վառելիքը չի բավականացնի Վան հասնելուն, կանգնեցինք քրդաբնակ մի գյուղում` հարցնելու վառելիքի լիցքավորման հնարավորության մասին: Մեր թարգմանիչը, որ տիրապետում էր քրդերենին և թուրքերենին, գյուղացիների հետ զրուցում էր քրդերեն: Նկատելով մեզ` մոտեցան պատշաճ հագնված երկու երիտասարդ, որոնք քրդերեն չէին հասկանում, ուստի մեր թարգմանիչը նրանց հետ խոսեց թուրքերեն: Սրանք դպրոցի ուսուցիչներն էին, ազգությամբ թուրք, որոնք կեղծ ու քծու ժպիտով պատասխանեցին մեր հարցերին` ուշադրություն դարձնելով մեր մեքենայի համարանիշին, որի վրա առկա էին Հայաստանը մատնանշող AM տառերը: Իմանալով, որ մոտակա բենզալցակայանը 5-6կմ հեռավորության վրա է, ճանապարհվեցինք: Սակայն չանցած այդ տարածությունը՝ շրջափակվեցինք զինվորականների կողմից և ենթարկվեցինք խիստ մանրազնին խուզարկության: Համոզվելով, որ զբոսաշրջիկներ ենք, նրանք, ներողություն խնդրելով, հեռացան (Թուրքիայում ամեն տեղ զբոսաշրջիկներին գլխի վրա են ընդունում, քանի որ նրանք են լցնում թուրքական պետական բյուջեի զգալի մի մասը): Կասկածել էին, թե մենք Հայաստանից օգնություն ենք բերել քրդերին, որոնք տասնամյակներ շարունակ ապստամբական իրադրության մեջ են Թուրքիայում: Ինձ համար տպավորիչը նրանց օպերատիվությունն էր. չէր անցել 5 րոպե այդ գյուղից դուրս գալուց, երբ մենք կանգնեցվեցինք և խուզարկվեցինք։

Հետո իմացանք, որ Արևմտյան Հայաստանի բոլոր գյուղերում պետությունն ուսուցիչներ է նշանակում միայն ազգությամբ թուրք երիտասարդների: Փաստորեն, նրանք գործուղվում են, և դա համարվում է զինծառայություն (ինչպես որ մեր նորավարտ ուսանողներն էին գործուղվում Արցախ` զինծառայության փոխարեն): Նրանք և՛ դառնում են երիտասարդական ավյունով թուրքականության քարոզիչներ, և՛ մնալով տեղերում` աստիճանաբար կարող են ազդել տեղի ժողովրդագրական պատկերի վրա։

Եղանք Աղթամարում: Սուրբ խաչի վրա խաչն էլի չկար: Բայց ականատես եղանք ավելի վատթար մի դեպքի. թուրք ուղեկցորդն արտասահմանցի զբոսաշրջիկներին ցույց էր տալիս եկեղեցու պատերի հայերեն արձանագրությունները` դրանք ներկայացնելով իբրև «հին թուրքական արձանագրություններ, որոնք աշխարհում այսօր ոչ ոք չի կարողանում կարդալ»... Մեր ներկայությունը միանգամից փոխեց պատկերը. մեր թարգմանիչը գրեթե հարձակվելով կեղծարար ուղեկցողի վրա` անգլերենով օտարերկրացիներին բացատրեց իրականությունը և տող առ տող կարդալով հայերեն վիմագրերը` սկսեց թարգմանել: Թուրք ուղեկցողը հեռացավ: Օտարերկրացիները շատ շնորհակալ եղան ճշմարտությունն իմանալու համար: Բայց սա եղավ միայն այդ պահին` շնորհիվ մեր ներկայության: Իսկ Աղթամար այցելողների թիվն արտակարգ մեծ է. ամեն 10-15 րոպեն մեկ ափից զբոսաշրջիկներով լի բեռնված մի նավ էր մոտենում կղզուն: Նրանք բոլորն էլ լսում են Աղթամարի պատմության պաշտոնական կեղծ բացատրությունը: Այդ պահին հիշեցի վերանորոգումից հետո մեր հանրապետության պատվիրակության այցելության ամոթալի փաստը. այն ժամանակ ևս ոչինչ չէր ասվել հուշարձանի հայկականության մասին, մեր պատվիրակությանն էլ անգամ խոսք ասելու իրավունք չէր տրվել։

Միակ մխիթարությունը (եթե դա կարելի է մխիթարություն համարել) նոր փոխված ցուցանակն էր, որի վրա նշվում էր, որ հուշարձանի կառուցողը Վասպուրականի հայոց Գագիկ արքան է եղել: 2-3 տարի առաջ ցուցանակի վրա Գագիկ Արծրունու հայ լինելու մասին նշումն էլ չկար։

Այս մխիթարությունը, սակայն, չեք ունենա Անի այցելելիս: Հայոց փառահեղ մայրաքաղաքի պատմությունը ներկայացնող ցուցանակի վրա անգամ «հայ» բառը չկա: Դա դեռ չարյաց փոքրագույնն է. Անի տանող միակ ճանապարհին կառուցված է հուշարձան` հայերի կողմից կոտորված թուրքերի հիշատակին... Վիրավորվածությունից չգիտես ինչպես արձագանքես. աղաղակող այդ կեղծիքի առաջ կանգնելով` միայն մի բան անցավ մտքովս. երանի իրականում այդպես եղած լիներ։

Սրանք տեսնելուց հետո չգիտես ինչպես գնահատես Աղթամարի վերանորոգումից հետո վերաբացման արարողությանը մասնակցած մեր «պետական այրերի» գոհունակությունը, որոնք այցելել էին նաև Անի։

Արևմտյան Հայաստանի հարավում մեզ հանդիպեցին քրդախոս հայեր, ընդ որում՝ իրենք մեզ մոտեցան` նկատելով մեր մեքենայի` Հայաստանը ցույց տվող AM-ով համարա-նիշը: Ցավոք, երիտասարդները հայերեն չգիտեին: Ասացին, որ ծերերից մեկ-երկու հոգի գիտեն միայն։ Հիմնականում մահմեդականներ էին, բայց ունեին հայ լինելու հստակ գիտակցում։ Ոգևորողն ինձ համար ոչ միայն նրանց գոյությունն էր, այլև ոգու ամրությունը. հաջորդ օրը հատուկ զանգահարեցին` իմանալու, թե որևէ խնդիր կամ որևէ բանի կարիք արդյոք չունենք։

Շատ մտահոգիչ են Հայոց եկեղեցու կեցվածքը մահմեդական հայերի նկատմամբ1 և նրանց հետ մեր հարաբերության հարցն ընդհանրապես: Տարբեր տեղեկությունների համաձայն` ներկայումս 1-3 միլիոն մահմեդականացած հայեր (այդ թվում` համշենահայեր) են ապրում Թուրքիայի տարածքում, որոնք պահպանել են իրենց հայկական ծագման հստակ հիշողությունը: Հայկական արմատների մասին հիշողություն են պահպանել նաև զազաները, որոնց թիվը 5-6 միլիոն է: Տեղեկություններ կան նաև ալևի-քրդերի հայկական արմատների մասին (վերջերս Թուրքիայում մեծ աղմուկ բարձրացավ, երբ այդ մասին հայտարարեց հենց Թուրք պատմաբանների ընկերակցության նախագահ Հալաչօղլուն)։ Հայտնի է, որ Մեծ եղեռնի ժամանակ շուրջ 200 հազար հայեր, հիմնականում երեխաներ, բռնի մահմեդականացան: Ինչ եղան նրանք՝ որևէ հստակ տեղեկություն կամ վիճակագրություն չունենք2: Այսինքն` ոչ լրիվ ու ոչ ճշգրիտ հաշվարկներով` մինչև 10 միլիոն մահմեդական, սակայն հայկական հիշողությունը պահպանած ազգակիցներ ունենք մեր պատմական հողերի վրա բնակվող: Սա այն դեպքում, երբ ողջ աշխարհում են հաշվվում մոտ այդքան քրիստոնյա հայեր։

Չեմ ցանկանում վիրավորել որևէ մեկի, սակայն 1990-1994թթ. մեր ազատագրված տարածքների վերաբնակեցման փաստից ելնելով (15 տարում բնակեցված հայերի թիվը 15 հազարի էլ չի հասնում)՝ թույլ եմ տալիս ինձ ենթադրել, որ եթե վաղը, Աստծո կամքով, Արևմտյան Հայաստանն ազատագրվի, նրա հիմնական բնակիչները պետք է հենց այդ մահմեդականացած հայերը լինեն: Մենք ոչ մի քաղաքականություն չունենք այդ ուղղությամբ, մինչդեռ թուրքական պետությունն այս դաշտում ևս ձեռքերը ծալած չի նստել. համշենահայերի մեջ ամենամոլի մահմեդականության քարոզն է տարվում։ Նրանք լավ գիտակցում են, որ համշենահայերին լիակատար «հայացնելը» մեծ ջանքեր չի պահանջելու, ինչի ապացույցը կարող է լինել նախկին ԽՍՀՄ տարածքի համշենահայության օրինակը։

Հանդիպեցինք նաև քրիստոնյա հայ ընտանիքների (հատկապես Կոմմագենեի տարածքում), որոնք ևս ձուլման եզրին են: Նրանց շրջանում էլ հայերեն գիտեին միայն տարեցները: Ցավալի էր իմանալ, որ վերջին անգամ նրանք հայ հոգևորականի երես տեսել են տարիներ առաջ` Ստամբուլ այցելելիս։

Մենք սիրում ենք հրեաներին օրինակ բերել բազմաթիվ (հատկապես, ցեղասպանության ճանաչման և Իսրայել պետության ստեղծման) հարցերում: Կարծում եմ, այստեղ տեղին կլինի վկայակոչել նրանց հաջողությունները` տարբեր երկրներում ապրած, կրոնը, լեզուն և ինքնության շատ տարրեր կորցրած հրեաներին «վերահրեացնելու» բնագավառում: Նրանց հաջողվեց անգամ «վերակենդանացնել» և Իսրայելի պետական լեզու դարձնել հին եբրայերենը` իվրիտը, որ «մեռած լեզու» էր։ Այդ ուղղությամբ նրանց մոտ աշխատում էին գիտահետազոտական ինստիտուտներ, իսկ մեզանում այդ բնագավառում իշխողն անհոգ անտարբերությունն է։

Հայկականություն քարոզող թուրքալեզու և քրդալեզու գրականության խիստ պակաս (ավելի ճիշտ` բացակայություն) ունենք: Թուրքալեզու գրականության պակասը փորձում են լրացնել Ստամբուլի հայ պարբերականները, որոնք զգալի չափով թուրքալեզու են: Բայց նրանք կարող են այդ բացը լրացնել խիստ սահմանափակ չափով: Եթե, ասենք, որևէ հայկական թուրքալեզու թերթ գրի, որ արդարությունը պետք է վերականգնվի և Արևմտյան Հայաստանը վերադարձվի իր բնիկ տերերին, հաջորդ օրն իսկ կփակվի, դեռ չասած, թե ինչ դատաստանի կարող են ենթարկվել հայ լրագրողները նման քայլի համար. վկա լուսահոգի Հրանտ Դինքի սպանությունը։

Հայկականություն քարոզող քրդալեզու գրականություն ընդհանրապես գոյություն չունի: Թուրքալեզու և քրդալեզու քարոզչության համար կա ամենապարզ ու ամենագործուն եղանակը, որը մենք, զարմանալիորեն, չենք օգտագործում` ինտերնետը: Ցանկացած թուրքալեզու և քրդալեզու հայկական կայք կարող է տեղադրվել ինտերնետում, և Թուրքիայի ամեն մի անկյունում նստած մեր արյունակիցը կարող է բացել ու կարդալ այն: Անցել են այն ժամանակները, երբ որևէ երկիր գրականություն մտցնելու համար պետք է հաղթահարեր ահռելի դժվարություններ` մաքսանենգ ճանապարհով անցկացնել պետական սահմանը, երկրի ներսում ենթարկվել հետապնդումների և այլն: Անվտանգ քարոզչության հարցը լուծված է ինտերնետի միջոցով: Եվ ընդհանրապես, մեր ժողովրդի սփռվածության այսօրվա պայմաններում ինտերնետը պարզապես երկնային պարգևի նման մի բան է մեր ժողովրդի համար, որից համառորեն շարունակում ենք շատ քիչ օգտվել։

Ես հասկանում եմ, որ ՀՀ կառավարության հնարավորություններն այսօր բավական սահմանափակ են, բայց չէ՞ որ սահմանափակ չեն հայության (և՛ հայաստանաբնակ, և՛ սփյուռքաբնակ) հնարավորություններն ընդհանրապես: Իսկ սրանք մտահոգություններ են, որոնց լուծումներն այսօր իսկ հրամայական են: Տարիներ հետո դրանք իրենց հետ կբերեն նորանոր, ավելի մեծ ու բարդ խնդիրներ, որոնց լուծումն այդժամ կարող է դառնալ նաև անհնարին:

1Հայտնի է, որ դարեր շարունակ անգամ կաթոլիկություն ընդունած հայերն օտարվել են մեր եկեղեցու կողմից` ժողովրդի մեջ ստանալով «ֆռանկ» անվանումը: Նրանց մի մասը հետագայում փորձեց վերադառնալ Հայոց եկեղեցուն, սակայն չընդունվելով` դարձավ մահմեդական: Այսօր քչերին է հայտնի, որ թուրք մսխեթցիները, որոնց Ջավախքում բնակեցնելով` վրացական կառավարությունը փորձում է փոխել տեղի ժողովրդագրական պատկերը, կաթոլիկացած, ապա մահմեդականացած հայեր են. այդ մասին վկայում են Վատիկանի արխիվներում պահպանված վավերագրերը։

2Ավագ ընկերներիցս մեկը պատմում էր, որ տարիներ առաջ հանդիպել է մի ծերունու, որն ասում էր իր հայկական ծագման, հայ լինելու մասին, թեպետ ոչ հայերեն գիտեր, ոչ տեղյակ էր, թե ովքեր են եղել իր ծնողներն ու նախնիները կամ որտեղացի են: Հարցին` թե որտեղից գիտի իր հայ լինելու մասին, ծերունին արցունքոտած աչքերով պատմել էր, որ երբ շատ փոքր էր, հիշում էր, թե ինչպես էին թուրքերը նրան վիրավորում և արհամարհանքով «էրմենի չոջուխ» կոչում։
http://noravank.am/am/?page=analitics&nid=854
© Copyright "Նորավանք" հիմնադրամ

lundi 27 août 2007

ԽՈՐ ՎԻՐԱՊ

Մեր աննման Արարատի պատկերը միշտ ամեն հայի սրտում է։

vendredi 30 mars 2007

«Մայքրոսոֆթ»` հայացված. նորամուծություններն ավելի մատչելի են դարձնում տեղեկատվությունը

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) հայ մասնագետների մշակած վերջին նորամուծությունները, անկասկած, ավելի դյուրին կդարձնեն համակարգիչներից օգտվելը անգլերեն չիմացողների համար:
Մի քանի տարվա աշխատանքից հետո «Մայքրոսոֆթ-Հայաստան» ընկերությունը հասարակությանը ներկայացրեց իր մասնագետների մտքի արգասիքը` Windows XP օպերացիոն համակարգի հայերեն լեզվական միջերեսի փաթեթը:
Անվճար ծրագիրը ապահովում է տեղայնացված միջերես, որը հնարավորություն է տալիս կիրառելու հայերենը անհատական համակարգիչների սեղանադիր միջավայրում:
«Մայքրոսոֆթ-Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանի հավաստմամբ`այս նորարարությունները բարձր տեխնոլոգիաները բոլորին մատչելի դարձնելու նպատակով տեղական կառավարությունների հետ «Մայքրոսոֆթի» երկարաժամկետ համագործակցության մասն են կազմում:
«Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք առաջարկել մայրենի լեզվով միջերես,- ասում է Բարսեղյանը: - «Մայքրոսոֆթի» տեղական լեզուների ծրագրի հետ համագործակցության շնորհիվ այսօր Հայաստանի ժողովուրդը ստացել է գործիքներ ու տեխնոլոգիաներ, որոնք անհրաժեշտ են ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու համար»:
Լեզվական միջերեսի փաթեթը (ԼՄՓ) տեղադրված է Windows XP համակարգի անգլերեն տարբերակի հիմքի վրա` հնարավորություն տալով օգտվողներին ընտրելու նախընտրած լեզվական միջերեսը: Հայերեն միջերեսի փաթեթը տեղադրված է հետևյալ հասցեում. http://www.microsoft.com/downloads/details.aspx?FamilyId=64FA945F-4204-4358-A172-F70B444A6F96&displaylang=en:
Windows XP համակարգի ԼՄՓ մշակելու նպատակով Տեղական լեզվական ծրագրի (ՏԼԾ) վրա աշխատանքը սկսվել է 2005 թվականին: «Մայքրոսոֆթը» տրամադրել է տերմինների բառացանկ, որը վերջնականապես ճշտվել և հարմարեցվել է հայաստանյան գործընկերոջ` «Բիլայն» ընկերության կողմից: Նախագծին աջակցել է ՀՀ կառավարությունը:
Հայերեն միջերես մշակողներն ասում են, որ տերմինների թարգմանությունն իսկական մարտահրավեր էր, քանի որ հայերեն համակարգչային լեզվի բացակայության պատճառով իրենք ստիպված էին բառեր և արտահայտություններ հորինել:
«Բիլայնի» նախագահ Հայկ Խանջյանն ասում է, որ մասնագետները փնտրել են իմաստային նմանակներ` վերականգնելով մոռացված բառեր հին հայերենից: Այդուհանդերձ, տեղայնացված տարբերակում օգտվողները կարող են հանդիպել վիճահարույց տերմինների: Երկու ընկերությունների ղեկավարներն էլ հայտարարում են, որ սիրահոժար կընդունեն տերմինները փոփոխելու առաջարկներն ու քննարկումները:
Լեզվական ուղեցույցը տեղադրված է առցանց հետևյալ հասցեում. http://members.microsoft.com/wincg/about.aspx?s=6&langid=1401:
Նորարարությունների հեղինակների հավաստմամբ` տեղայնացված տարբերակը թույլ կտա յոթ միլիոնից ավելի հայախոս պոտենցիալ այցելուների օգտվել այս նոր հնարավորությունից: Ընկերությունը մտադիր է դպրոցներում և բուհերում կազմակերպել տեղայնացված Windows XP տարբերակի ուսուցման ծրագիր:
Նախաձեռնության հեղինակներին ամենից շատ մտահոգում է այն հանգամանքը, որ Հայաստանում օգտագործվող Windows-ի փաթեթների 95 տոկոսը չլիցենզավորված (այսինքն` հենային) տարբերակ է, որոնք անհամատեղելի են տեղայնացված ծրագրային փաթեթների հետ:
ՏՏ մասնագետները հուսով են, որ Հայաստանը հեղինակային իրավունքը պաշտպանող վճռական միջոցներ կձեռնարկի: Հակառակ դեպքում, լուրջ ներդնողները կկորցնեն հետաքրքրությունը հայկական շուկայի հանդեպ, իսկ մասնագետները կշարունակեն հեռանալ այն երկրներ, որտեղ մտավոր սեփականության իրավունքները պաշտպանված են:
Ներկայումս «Մայքրոսոֆթ-Հայաստան» ընկերությունը ձեռնամուխ է եղել Windows Vista և 2007 Microsoft Office համակարգերի համար հայերեն ԼՄՓ-ների ստեղծման աշխատանքներին: Հունվարին «Մայքրոսոֆթի» այս երկու նորագույն փաթեթները ներկայացվել են աշխարհի ավելի քան 70 երկրներում 19 լեզուներով: Դրանք ապահովում են նորարարություններ ամենատարբեր բնագավառներում` երաժշտական ու հեռուստատեսային միջոցներից մինչև թվային լուսանկարների մոնտաժում ու DVD-ների ստեղծում:
Ջուլյա Հակոբյան
ԱրմենիաՆաուի թղթակից
Published: 30 Մարտ, 2007
http://armenianow.com/?action=viewArticle&AID=2089&lng=arm&IID=1126