mercredi 1 juillet 2009

Ղարաբաղի իշխանությունները մերժել են Սեֆիլյանի դիմումը




Ղարաբաղի իշխանությունները մերժել են Սեֆիլյանի դիմումը

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի դիմումը՝ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով:

2004 թվականից ի վեր Ժիրայր Սեֆիլյանը նույն հարցով գրեթե ամեն տարի դիմում էր ՀՀ իշխանություններին եւ անփոփոխ մերժում ստանում: Այս տարվա հունիսին Սեֆիլյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին եւ կրկին մերժում է ստացել:

Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն ստանալու իրավունքի պաշտպանության կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը այս կապակցությամբ «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Սա երկրորդն էր արդեն, որովհետեւ մի անգամ էլ բանտից դուրս գալուց հետո էր նա դիմել. դարձյալ ոչ մի արձագանք»:

«Հաշվի առնելով, որ Ղարաբաղում դեռեւս ընդունված չէ երկքաղաքացիության մասին օրենքը, հետեւաբար դա է, իհարկե, խոչընդոտ հանդիսանում», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Նա հավելեց, որ օրենքը ընդունվելուց հետո հարցը կրկին կքննարկվի:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված այն, որ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահի հրամանագրերով, օրենքի բացակայության պայմաններում, որոշ մարդկանց (օրինակ, Սերժ Ամիրխանյանին) քաղաքացիություն է շնորհվել, Դավիթ Բաբայանը պատասխանեց. - «Ամիրխանյանը երկար տարիներ այստեղ բնակվում էր, զբաղեցնում էր պատասխանատու պաշտոններ, նախարարի պաշտոններ են զբաղեցնում: Հետեւաբար, գուցե բնակեցման խնդիրներ կային... Չնայած տեղյակ չեմ խնդիրներին»:

Հարցին, թե հաշվի առնվո՞ւմ են արդյոք Սեֆիլյանի՝ Լեռնային Ղարաբաղին մատուցած ծառայությունները, Բաբայանը արձագանքեց. - «Այստեղ իրավական դաշտ է: Պետք է նաեւ ունենանք այդպիսի օրենք»:
2009 թվականի ապրիլից, երբ լրացել է Ժիրայր Սեֆիլյանի Հայաստանում բնակվելու ժամանակավոր կացության կարգավիճակը, նա չունի Հայաստանում ապրելու իրավական որեւէ կարգավիճակ։ Հարցին, թե սրանում Հայաստանից արտաքսվելու վտանգ չկա՞, Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն ստանալու իրավունքի պաշտպանության կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը պատասխանեց. - «Նրանք հենց դրան էլ գնում են, եւ կանեն այդ բանը: Բայց կա այդպիսի մի օրենք, որ եթե տվյալ անձը ունի անչափահաս երեխա, նրան իրավունք չունեն արտաքսելու: Երեւի իրենց պահող միակ բանը դա է»:

Aucun commentaire: