lundi 13 juillet 2009

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԻՍՐԱՅԵԼԻ ԿՈՂՄԻՑ

Սամվել Մարտիրոսյան

Իսրայելի ռազմական «Ձուլածո արճիճ» գործողությունը Գազայի հատվածում ուղեկցվում էր համապատասխան պետական ծառայությունների տեղեկատվական աջակցությամբ, որոնք նման աշխատանք պետք է կատարեին իրենց ծառայության բնույթից ելնելով: Միևնույն ժամանակ, ակտիվորեն գործադրվեցին պետական կառույցների կողմից տեղեկատվության տարածման ոչ պաշտոնական մեթոդները, ինչպես նաև տեղեկատվական պատերազմում ընդգրկվեցին կամավորական սոցիալական ցանցերը, որոնք ի ցույց դրեցին իրենց արդյունավետությունը:

Նախադրյալները

Իսրայելի քաղաքացիների գիտակցության մեջ Երկրորդ լիբանանյան պատերազմը, որը տեղի է ունեցել 2006թ. ամռանը, մնացել է որպես պարտություն տեղեկատվական ճակատում: Պարտության զգացումը դարձավ համախմբման գործոն: Այս առնչությամբ մարտական գործողությունների հենց սկզբից հայրենասիրական տրամադրություններ ունեցող հրեաները ողջ աշխարհում սկսեցին միավորվել` աջակցելու համար Իսրայելին տեղեկատվական պատերազմ մղելու գործում: Պետական կառույցները որոշակի աստիճանով հասարակական կամավորական ջանքերն ուղղորդող գործոն դարձան:

Բլոգերի ոլորտը և սոցիալական ցանցերը, մոնիթորինգ և ակտիվ գործողություններ

Բոլոր տեսակի սոցիալական ցանցերը սկզբից ևեթ Իսրայելի կողմից տեղեկատվական պատերազմ վարելու գործիք դարձան: Հիմնական աշխատանքը տարվում էր հակառակորդի քարոզչությունը ճնշելու, ուշադրությունն Իսրայելի դիրքորոշման վրա կենտրոնացնելու և այլ ուղղություններով: Միևնույն ժամանակ, ցանցային միջոցներն օգտագործվում էին նաև երկրի ներսում հոգեբանական գործողություններ վարելու համար: Այսպես, գործողության մեջ դրվեց «Զինվորին ժպիտ ուղարկիր» ակցիան. բոլոր քաղաքացիների համար հնարավորություն ստեղծվեց ՑԱԽԱԼ-ի՝ առաջավոր գծում մարտնչող զինվորներին ուղարկել իրենց ողջույնները1։

Միևնույն ժամանակ Իսրայելի համար տեղեկատվական պատերազմի վարման հիմնական ուղղությունը դարձավ, բնականաբար, արտաքին վեկտորը։ Արաբա-իսրայելական հակամարտության թեժացման առաջին իսկ պահից ինտերնետում կտրուկ ակտիվացան Իսրայելի կողմնակից բլոգերները։ ՑԱԽԱԼ-ի «Ձուլածո արճիճ» գործողությունն սկսվեց հոկտեմբերի 27-ին։ Հոկտեմբերի 29-ին արդեն իսրայելամետ բլոգերներն ամենաշատ այցելուներ ունեցող ռուսալեզու Livejournal.com բլոգերի հարթակում բացեցին «gaza2009»2ընկերակցությունը (ընկերակցության նախաձեռնողներից ու մոդերատորներից են Մարկ Բիբիչկովը, ով 1999-2006թթ. Իսրայելի պաշտպանության նախարարների խորհրդականն էր, և Դավիդ Էյդելմանը՝ «Քադիմա» քաղաքական շարժման մամլո քարտուղարը)։

Սույն ընկերակցության կազմակերպիչները դրա ստեղծման իմաստը բացատրում են հետևյալ կերպ. «Առաջին հերթին աջակցելու և ցանցում համախմբելու համար բոլոր նրանց, ովքեր Իսրայելի կողքին են պատերազմական այս ժամանակաշրջանում և շահագրգռված են բացատրական աշխատանք տանել ցանցում ռուսալեզու հատվածի համար՝ ոչ այնքան իրենց՝ իսրայելցիների համար, որքան Իսրայելից դուրս։ Ընկերակցության գլխավոր խնդիրն է. նախաձեռնել և համակարգել բացատրական աշխատանքը Գազայի հատվածում ահաբեկիչների դեմ պատերազմում Իսրայելի դիրքորոշման վերաբերյալ»։

Ընկերակցությունը մի քանի օրվա ընթացքում ավելի քան հազար մշտական ընթերցող բլոգերներ հավաքեց, իսկ ընդհանրապես օրական ընկերակցության այցելուների թիվը հասավ 15-30 հազար մարդու։ Այստեղ միայն պարզապես հօգուտ Իսրայելի քարոզչական աշխատանք չէ, որ տարվում էր։ Ընկերակցության միջոցով տեղեկություն էր հաղորդվում հօգուտ կամ ընդդեմ Իսրայելի գործողությունների մասին, որոնք պետք է անցկացվեին մոտակա ժամանակներում, աշխարհի տարբեր անկյուններում, որոնց վերաբերյալ այնուհետև հավաքվում էին փաստական նյութեր և տեսագրություններ։ Այլ ֆորումներում կամ նմանատիպ հարթակներում հակաիսրայելական քննարկումների հայտնվելու պարագայում ընկերակցությունը տեղեկացնում և գործի էր դնում նրանց, ովքեր կարող էին ինչպես հարկն է վիճել և ներկայացնել Իսրայելի դիրքորոշումը։ Բացի այդ, այս և նման այլ ընկերակցությունների անդամները գտնում էին արաբամետ ուժերի կողմից տարածվող մեդիա-կեղծիքները3, վերլուծական աշխատանք տանում, տեղեկագրեր պատրաստում բանավեճեր անցկացնելու համար, ինչը հեշտացնում էր նրանց աշխատանքը, ովքեր պրոֆեսիոնալ գիտելիքներ չունեին հակամարտության պատմության, իրավական և այլ հարցերի վերաբերյալ։ Մամուլում ընկերակցությունը քանիցս անվանվել է «ռուսալեզու բլոգերների շտաբ», որը բավական ակտիվ և հաջող էր գործում տեղեկատվական պատերազմում։

«Gaza2009» ընկերակցությունը մտցվեց նաև սոցիալական ցանցեր. Facebook, Контакт.ру, Одноклассники.ру, որոնցում նույնպես հարյուրավոր ընթերցողներ ունեցավ։ Հունվարի 14-ին արդեն տեղի ունեցավ «gaza2009» ընկերակցության բլոգերների առաջին հանդիպումը Իսրայելի պետության կառավարության ներկայացուցչի հետ։ Ինչպես հաղորդում էր ընկերակցությունը, «հարցազրույց էր տալիս տրանսպորտի ներկայիս նախարարը, ով ժամանակին զբաղեցրել էր պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի պաշտոնները՝ Իսրայելի Պաշտպանության բանակի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Շաուլ Մոֆազը։ Բլոգերները ցանկանում էին պարզել, թե ինչ պաշտոնական դիրքորոշում ունի Իսրայելի կառավարությունը, որպեսզի այնուհետև, ընկերակցության և ռուսալեզու ակտիվ բլոգերների միջոցով այդ տեղեկատվությունը հասցնեն ռունետի ընթերցողներին։ Միևնույն ժամանակ, նրանց խնդիրն էր պարզել որոշ սկզբունքայնորեն կարևոր հարցեր «Ձուլածո արճիճ» գործողության և ընդհանրապես արտաքին քաղաքականության մասին»4։ Այսպիսով, պաշտոնական շրջանակները միանշանակ աջակցում էին բլոգերների մասնավոր նախաձեռնությունը և բացահայտորեն համագործակցում ընկերակցության հետ։

Բացի այս ընկերակցությունից, որն աչքի է ընկնում նպատակային աշխատանքով, ինչպես նաև դրանում հայտնի լրագրողների, վերլուծաբանների, քաղաքական գործիչների ներգրավվածությամբ, գործի են դրվել նաև սոցիալական ցանցերը, որոնք արդեն կոչված էին աշխատելու ոչ թե կոնկրետ խնդիրների, այլ անհրաժեշտ տեղեկատվության զանգվածային տարածման ուղղությամբ։ Այսպես, օրինակ, Facebook սոցիալական ցանցում «I Wonder How Quickly I Can Find 1,000,000 People Who Support Israel...»5 (Հետաքրքիր է՝ որքան արագ ես կգտնեմ Իսրայելին աջակցող միլիոն մարդ) ընկերակցությունը հունվարի 15-ին արդեն ուներ մոտ 150 հազար մասնակից։ Մեկ այլ՝ «I Support the Israel Defense Forces In Preventing Terror Attacks From Gaza»6 (Ես աջակցում եմ Իսրայելի պաշտպանության ուժերին Գազայից ահաբեկչական գրոհների դեմ պաշտպանությունում) խումբ 80 հազար մասնակից ունեցավ։ Նույն ձևով ստեղծվեցին նաև տասնյակ ընկերակցություններ՝ ի պաշտպանություն Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների, որոնց ընդհանուր լսարանը կազմեցին հարյուր հազարավոր մարդիկ։ Նման ընկերակցությունները թույլ են տալիս անհրաժեշտ հոդվածները, լուսանկարներն ու տեսանյութերն արագ առաքել հսկայաթիվ մարդկանց աշխարհով մեկ՝ առաջ բերելով ռեզոնանսային էֆեկտ։

Դատելով ըստ ամենայնի՝ կամավորների գործողությունների արդյունավետությունը սոցիալական ցանցերում հանգեցրեց այն բանին, որ Իսրայելի ղեկավարությունը որոշեց լեգալացնել նման գործունեությունը։ Գազայի հովտում կրակի դադարեցման պահին արդեն հետևել էր Իսրայելի աբսորբցիայի նախարար Էլի Աֆլալոյի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելի նորագույն զենքը տեղեկատվական ճակատում («hasbara») «Բլոգերների բանակն է»։ Աֆլալոյի խոսքերով՝ արտաքին գործերի նախարարության հասարակության հետ կապերի վարչության հետ համագործակցելով՝ աբսորբցիայի նախարարությունը կամավորականների որոնման միջոցներ է ձեռնարկել, ովքեր կօգնեին Իսրայելին ինտերնետի միջոցով տարբեր լեզուներով կապեր հաստատել տարբեր ընկերակցությունների հետ. «Վերջին տարիներին աբսորբցիայի նախարարությունը շատ միջոցներ է ներդրել կիբեռտարածքում աշխատանքների զարգացման ուղղությամբ՝ ըմբռնելով, որ ինտերնետը ապագայի բանալին է։ Ուստի, աբսորբցիայի նախարարությունը որոշել է պատասխանել մարտահրավերին և փորձել ստեղծել տարբեր լեզուների տեր մեկնաբանների ձևաչափ, ովքեր կօգնեն աջակցել Իսրայելին վիրտուալ աշխարհում հանրային կարծիքի ձևավորմանը, և պատասխան տալ Իսրայելի բոլոր թշնամիներին, ովքեր ատելության սերմեր են տարածում»7։ Օտար լեզուների տիրապետող բոլոր կամավորականներին մամուլի միջոցով առաջարկվեց նաև դիմել նախարարություն՝ «զինվորագրվելու» համար։

Իր հերթին, Իսրայելի ԱԳՆ-ն նույնպես սկզբից ևեթ գնաց առավելագույնս դյուրինացված հավաքագրման ճանապարհով։ Ցանցում բացվեց www.rusforums.pr2.co.il/ կայքը, որտեղ զետեղվեց արտաքին քաղաքական գերատեսչության ուղերձը. «Ձեր ձայնը պետք է լսեն ողջ աշխարհում։ Իսրայելի հարավում զինված հակամարտության սրացման հետ կապված՝ արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Ցիպի Լիվնիի գլխավորությամբ, ակտիվ բացատրական աշխատանք է ծավալում՝ աշխարհին պարզաբանելով մեր երկրի դիրքորոշումը։

Այդ աշխատանքին միացել են նաև քաղաքական գործիչները, զինվորականները և բարձրաստիճան պետական այրերը։ Մենք կոչ ենք անում Իսրայելի բոլոր քաղաքացիներին մասնակցել բացատրական գործունեությանը։ Ձեր օգնությամբ այլ երկրների բնակիչները, ովքեր խոսում են ռուսերեն, կարող են հասկանալ, թե ինչ վիճակում է հայտնվել մեր երկիրը։ Աշխարհը պետք է հասկանա, որ Իսրայելն իրավունք ունի պաշտպանել իր քաղաքացիներին։ Թող ձեր ձայնը լսելի լինի ինտերնետի միջազգային ֆորումներում»։ Կայքում ստեղծվեց յուրաքանչյուր օգտվողի անհրաժեշտ հղումն ինքնուրույն ուղարկելու կամ զետեղելու տեխնիկական հնարավորություն։ Համապատասխանաբար՝ լուծվում էր կամավորականների պարզունակ համակարգման աշխատանքը տեղեկատվական ճակատում։

Հարկ է նշել, որ բլոգերի ոլորտը որպես արդյունավետ միջոց օգտագործում էին նաև պաշտոնական անձինք։ Այսպես, մասնավորապես օգտագործվում էր Twitter միկրոբլոգինգի կայքի ռեսուրսը (այսօրվա դրությամբ այսպես կոչված միկրոբլոգինգը ամենատարածված միտումներից մեկն է)։ ՑԱԽԱԼ-ի8 խոսնակը և Իսրայելի հյուպատոսությունը Նյու Յորքում9ակտիվորեն օգտագործում են միկրոբլոգինգը նյութերի տարածման համար։ Բացի այդ, ՑԱԽԱԼ-ի խոսնակն օգտագործում էր նաև իր անձնական բլոգը10։

Ռազմական գործողության ավարտից հետո արդեն «Լիքուդի» ղեկավար Բենիամին Նեթանյահուն, ով քարոզչական գործողությունների վարման վարպետ է համարվում, առանձին հանդիպում է ունեցել իսրայելցի ակտիվ բլոգերների հետ և տեղեկատվական պատերազմ վարելու վերաբերյալ խորհուրդներ տվել՝ ներկայացնելով հիմնական թեզիսները։ «Հարկ է ներգործել ոչ միայն ընդդիմախոսի բանականության ու տրամաբանության, այլ նաև նրա հույզերի, ասոցիացիաների, երևակայության վրա»,- նշել է Նեթանյահուն։ Ռուս ընդդիմախոս-ընթերցողների վերաբերյալ Նեթանյահուն խորհուրդ է տվել օգտագործել նույն փաստարկները, որոնցով Ռուսաստանի նախագահները զանգվածներին համոզում էին Չեչնիայում իրենց պատերազմների իրավացիության մեջ, իսկ ամերիկացիների վերաբերյալ նշել է հակաահաբեկչական պատերազմների օրինակներն Աֆղանստանում և Իրաքում։ «Երկու դեպքում էլ հարկ է պատասխանել նրանց, ովքեր մեղադրում են Իսրայելին անհամամասնության և քաղաքացիական բնակչության մեջ զոհերի չափից ավելի մեծ թվի համար, որ մեր գործողությունները շատ ավելի մեղմ են նրանց համեմատ, ինչ նախաձեռնում էին Ռուսաստանն ու ԱՄՆ-ը իրենց թշնամիների դեմ»,- հայտարարել է Նեթանյահուն: «Նա, ով իրավացի է, չի պաշտպանվում, այլ հարձակվում է: Մի արդարացեք, այլ վստահ վեճ վարեք` համոզված լինելով ձեր փաստարկների ու բերած փաստերի ճշմարտության մեջ,- մաղթել է Նեթանյահուն հավաքվածներին:- Անհրաժեշտ է լայնորեն բացատրել, որ մուսուլմանական ահաբեկչությունն իսրայելյան կամ մերձավորարևելյան հիմնախնդիր չէ, այլ համաշխարհային մասշտաբի հիմնախնդիր: Անհրաժեշտ է ցանկացած գնով կանխարգելել Իրանի կողմից միջուկային տեխնոլոգիային տիրապետելը: Ատոմային զենքն Իրանի ձեռքին սպառնալիք է ողջ քաղաքա-կիրթ աշխարհին: Իսկ «Համասը» Թեհրանի փաղանգն է»11:

Բացի բլոգերների ակտիվությունից, իսրայելյան կողմը օգտագործել է նաև ավելի տեղային գործողության ցանցային շատ խմբեր, որոնք իրենց հերթին օգնել են կամավորների ավելի մեծ զանգվածի աշխատանքներին: Այսպես, իսրայելյան առանձին ցանցային կառույցներ ակտիվորեն զբաղվում են թշնամական քարոզչության մոնիթորինգով` այն տարածելով նրանց համար, ովքեր կարող են այդ նյութերն օգտագործել տեղեկատվական պատերազմում: Օրինակ, առավել ակտիվ ռեսուրս է անգլիալեզու ԶԼՄ-ն և ընդհանրապես ցանցը հսկող«HonestReporting»12: «NGO Monitor»-ը հետևում է համաշխարհային ոչ կառավարական կազմակերպությունների ակտիվությունը արաբա-իսրայելյան դիմակայության առումով13:

Օգտագործելով ինտերնետի արդի հնարավորությունները, որոնք թույլ են տալիս խիստ օպերատիվ ձևով ցանցում տեղակայել նոր կայքեր, իսրայելյան ակտիվիստները տասնյակ կայքեր են բացել, որտեղ նպատակաուղղված ձևով զետեղվել է «Համասին» վարկաբեկող և Իսրայելի գործունեությունն արդարացնող ողջ տեղեկատվությունը: Օրինակ, «ХАМАСА-нет»կայքը իսրայելամետ քարոզչի ձեռքն էր հանձնում հսկայածավալ տեքստային և մուլտիմեդիա-նյութեր, որոնցից նա կարող էր օգտվել14:

Հաքերական գրոհներ

Այսօրվա դրությամբ յուրաքանչյուր հակամարտություն իր հետևից անհապաղ հաքերական գրոհների ակտիվություն է բերում: Այս պարագայում նույնպես անմիջապես սկսվեցին ուժեղ գրոհներ ինչպես իսրայելամետ, այնպես էլ հակաիսրայելական ուղղության կայքերի վրա, որոնք այս կամ այն կերպ կարող էին օգտագործվել քարոզչության համար: Իսրայելի դեմ գրոհներին մասնակցում էին ոչ միայն արաբ, այլև, օրինակ, թուրք հաքերները, ինչի մասին վկայում է հակասեմիթական հայտարարությունը, որը հայտնվեց իսրայելական կայքերից մեկում` թուրք հաքերների կողմից դրա կոտրումից հետո15: Ընդհանուր առմամբ, Իսրայելի դեմ գրոհները վարվում էին Մարոկկոյի, Լիբանանի, Թուրքիայի ու Իրանի իսլամական հաքերական խմբերի կողմից:

«Ձուլածո արճիճ» գործողության առաջին իսկ օրերից գրոհների ենթարկվեցին մոտ 10 հազար իսրայելական կայքէջեր` ներառյալ խոշոր տեղեկատվական գործակալությունները: Իսրայելյան հաքերական խմբավորումների գրոհը հաջորդեց գրեթե զուգահեռաբար16: Նման գործողություններն էական գործոն են հանդիսանում: Տեղեկատվական ճակատի ցանկացած գործողություն կարող է իմաստազուրկ դառնալ դաժան հաքերական գրոհի պայմաններում: Համապատասխանաբար, Իսրայելի պատրաստվածությունը նման գրոհներին և հակագրոհ վարելու կարողությունն այս ուղղությամբ կարևոր գործոններ դարձան: Հաքերական գրոհներն, ընդհանուր առմամբ, կրում էին ստանդարտ բնույթ: Տարբերությունն այն էր, որ ընդգրկված էին մեծ թվով խմբավորումներ տարբեր երկրներից: Բացի այդ, իսրայելյան կողմն ակտիվորեն օգտվում էր կամավորականների ծառայություններից, որոնք հաքերներ չէին (տե´ս «Նոր տեխնոլոգիաների օգտագործումը», էջ 52):

Մուլտիմեդիա նյութերի օգտագործումը

Ինչպես ցույց է տալիս վերջին հակամարտությունների փորձը, ավելի մեծ նշանակություն է տրվում մուլտիմեդիա-նյութերին` լուսանկարներին, տեսա- և ձայնագրություններին: Դրանց ազդեցությունը հանրային կարծիքի վրա գերազանցում է տպագիր նյութի կամ ինտերնետ-բանավեճի հնարավոր ազդեցությանը: Բացի այդ, ինտերնետի արդի հնարավորությունները թույլ են տալիս բազմացնել և տարածել այդ նյութերը հսկայական քանակությամբ, ինչն այդ տեխնոլոգիաները երբեմն ավելի ազդեցիկ է դարձնում, քան ավանդական տպագիր հրատարակությունները և անգամ հեռուստատեսությունը:

Բլոգերի և ֆորումների միջոցով տարածվել է լուսանկարների և տեսանյութերի հսկայական քանակություն, որոնք պետք է կատարեին մի քանի գործողություն. ցույց տալ, որ Իսրայելը հարկադրված է պաշտպանվել, ցույց տալ, որ «Համասը» «թաքնվում» է պաղեստինցի երեխաների թիկունքում, ցույց տալ իսլամական արմատականության վտանգավորությունը, գովազդել իսրայելական բանակի հզորությունն ու մարդկայնությունը և այլն: Օրինակ, պատրաստվում և տարածվում էին քարոզչական տեսահոլովակներ17: Այսպիսով, իսրայելական կողմը ջանում էր ազդեցություն գործել տարբեր սոցիալական խմբերի վրա ողջ աշխարհում:

Բացի կամավորական սոցիալական ջանքերի օգտագործումից, մուլտիմեդիա-նյութերի տարածման նոր մեթոդներն օգտագործվում էին նաև պաշտոնական կառույցների կողմից: Այսպես, ՑԱԽԱԼ-ը բացեց իր տեսաալիքը` YouTube.com - Youtube.com: Ալիքը գրանցվեց դեկտեմբերի 29-ին: 20 օրվա ընթացքում այն դիտել են 2 միլիոն անգամ, ավելի քան 20 հազար օգտվողներ դարձան մշտական բաժանորդներ: ՑԱԽԱԼ-ի նյութերը Գազայի հատվածի կետային ռմբահարումների մասին նյութերը հայտնվեցին ամենատարածված տեսանյութերի Թոփ-10-ում, YouTube.com կայքում: Նման աննախադեպ տարածվածությունը ռեկորդային դարձավ սերվիսի համար: Այսպես, տեսահոլովակը, որում ցուցադրվում էր, թե ինչպես են իսրայելական ՌՕՈւ-ն հարվածում «Համասի» գրոհայինների` հրթիռներով բեռնված ավտոմեքենաներին, 20 օրվա մեջ դիտվել է ավելի քան 650 հազար անգամ: ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունն օգտվում էր նաև YouTube.com նոր սերվիսից, որը հնարավորություն է տալիս տեսանյութերն ուղեկցել տողատակերով, ինչն էլ թույլ տվեց, որ ալիքը դառնա բազմալեզու:

Պաշտպանության նախարարության կայքում զետեղվեցին նաև Կերեմ-Շալոմի հսկիչ անցակետի (որով անցնում են հումանիտար օգնության բեռնատարները) վեբ-տեսախցիկներ, որպեսզի ինտերնետից օգտվողները կարողանան անձամբ համոզվել, որ Իսրայելը չի մարտնչում Գազայի խաղաղ բնակչության հետ և բաց է թողնում բեռները18:

Իսրայելյան կողմը որպես քարոզչանյութ ակտիվորեն օգտագործում էր նաև պաղեստինյան հեռուստահաղորդումների, արաբական հրատարակությունների նյութերի թարգմանությունները, որոնք պետք է ապացուցեին հակառակ կողմի արմատականությունը, անհանդուրժողականությունը և ագրեսիվությունը: Մասնավորապես, նման աշխատանքներով է զբաղվում «Palestinian Media Watch»19 կայքը, որն իսլամական ԶԼՄ մշտական մոնիթորինգ է անցկացնում և տարածում է հատկապես անախորժ նյութեր քարոզչական նպատակներով:

Ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանին ուղղված այլ լուրջ քարոզչառեսուրս է մուլտիմեդիական «Միացիր իմ կյանքին» (Join my life)20 կայքը, որում իսրայելցի երեխաները պատմում են իրենց ապրումների մասին «Համասի» ռմբակոծությունների ժամանակ: Այդ կայքը դարձավ պաղեստինյան կողմի օգտագործած` պատերազմի զոհ դարձած երեխաներին նվիրված հսկայաքանակ նյութերի պատասխանը:

Նոր տեխնոլոգիաների օգտագործումը

Վերջին տեխնոլոգիական նորությունների օգտագործումը տեղեկատվական պատերազմներում հակառակորդի նկատմամբ որոշակի առավելություններ է տալիս որակյալ ու քանակապես ավելի շատ կամավորների հավաքագրման և անհրաժեշտ մարտունակ կլաստերների ձևավորման առումով: Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացածությունն Իսրայելում` նման խնդիրներն առաջադրվում ու կատարվում էին բավական ակտիվ ձևով, անգամ եթե դատելու լինենք բաց աղբյուրներով:

Դեռևս Երկրորդ լիբանանյան պատերազմի շրջանում ինտերնետում ստեղծվել էր հրեական և իսրայելամետ (նախաձեռնողն էր Համաշխարհային հրեական ուսանողական կազմակերպությունը - World Union of Jewish Students) Giyus.org կազմակերպությունը (հապավում է, որ բացվում է հետևյալ կերպ. Իսրայելի պետությանը` մասնակցություն և աջակցություն): Կազմակերպությունը ստեղծեց «Մեգաֆոն» հատուկ ծրագրային ապահովումը: Բոլորին, ովքեր մտադիր են աջակցություն ցուցաբերել, առաջարկվում է տեղակայել այդ ծրագիրը: Այդ պահից օգտվողը սկսում է տեղեկություն ստանալ հրեաների համար կարևոր բոլոր քվեարկությունների, ֆորումների քննարկումների և այլ իրադարձությունների մասին ինտերնետում, որոնք պահանջում են հանրային և համաձայնեցված մասնակցություն: Միաժամանակ, ծրագիրը թույլ է տալիս ցանցի մասնակիցներին, որ իրենք էլ տեղեկություններ ուղարկեն: Այսպիսով, լուծվում է տեղեկատվական ճակատի մարտիկների բաշխված ցանցի կազմավորման գործընթացի ավտոմատացման հարցը: Ծրագիրը նաև թույլ է տալիս սկսել և անցկացնել մեդիա-կամպանիաներ, ընդլայնված բնույթի քարոզչական աշխատանք վարել` այլ ցանցերի ներգրավմամբ և այլն:

Չնայած Giyus.org նախագծի ստեղծման և օժանդակման հարցում պետական կառույցների անմիջական կապ կարծես չի նկատվում, սակայն ցանցում տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե իսրայելամետ մի շարք կազմակերպությունների հետևյալ բովանդակության նամակ է ուղարկվել Իսրայելի ԱԳՆ անունից. «Սիրելի բարեկամներ, մեզնից շատերն են ըմբռնում ինտերնետի` որպես նոր մարտադաշտի, կարևորությունն Իսրայելի իմիջի ստեղծման գործում: Եկել է ժամանակը բարելավել այդ ջանքերը և համակարգել դրանք օնլայն ռեժիմում Իսրայելի անունից: Ծրագրային ապահովման իսրայելական կամպանիան ազատ տարածվող, անվտանգ և օգտակար ուտիլիտա է մշակել մեզ համար` «Internet Megaphone»: Հետևեք, խնդրեմ,www.giyus.org/-ին, օգտվեք «Մեգաֆոնից», և դուք կստանաք ամենօրյա նորություններ թարմ հղումներով կարևոր ինտերնետ-հարցումների մասին, առարկություններ պահանջող թեմատիկայով հոդվածներ և այլն: Մեզ անհրաժեշտ են «Մեգաֆոնի» 100.000 օգտվողներ, որպեսզի ստանանք անհրաժեշտ արդյունքը: Ուստի, խնդրում ենք, ուղարկեք այս նամակը Իսրայելին աջակցող բոլոր օգտվողներին: Դա արեք հենց հիմա: Իսրայելի համար: Ամիր Գիսին21:

Ինտերնետում գործում են հաքերների խոշոր ջոկատներ, ինչպես նաև անձինք, որոնք ի վիճակի են Իսրայելի թշնամիների դեմ ցանցային կառույցներում աշխատել այս կամ այն մեթոդով: Այսպես, արդեն 8 տարի գործում է այսպես կոչվող «Ինտերնետ պաշտպանության հրեական ուժեր» (The Jewish Internet Defense Force (JIDF) - www.thejidf.org/) խումբը, որը համակար-գող գործունեություն է իրականացնում հակաիսրայելական ցանցային խմբե-րի դեմ պայքարում: Ցանցում առկա են նաև մի քանի նման բաց կառույցներ:

Մեկ այլ խումբ` «Օգնիր Իսրայելին հաղթել»22, կազմակերպել է բաշխված մի ցանց, որը պետք է գրոհի հակաիսրայելական կայքերն ինտերնետում: Գործողությունների բովանդակությունը հետևյալն է. Իսրայելի ցանկացած կողմնակից կամավոր քաշում և իր համակարգչում տեղադրում է «Հայրենասեր» անունը կրող ծրագիրը, որն, ըստ էության, «վիրուս» է, որը սկսում է գրոհել այն կայքերը, որոնք որպես թիրախ ընտրում է խումբը: Այս խմբին միացել է մոտ 10 հազ. մարդ, ինչը բավական լուրջ ցանց է DDoS (Distributed Denial of Service) տիպի գրոհներ անցկացնելու համար, որոնք կարող են երկար ժամանակով շարքից դուրս բերել անգամ խոշոր սերվերները: Գրոհների հիմնական նպատակներն այն սերվերներն էին, որոնցում զետեղված էին «Համասի» հետ կապված կայքերը:

Հետևություններ

Լուրջ հակառակորդի դեմ տեղեկատվական պատերազմ վարելու Իսրայելի փորձը (հաշվի առնելով հակասեմիթականությունը, մասնակցությունը հակա-իսրայելական քարոզչությանը իսլամական երկրներում և այլն) հնարավորություն է տալիս եզրակացություններ անել նաև հայկական կողմի համար: Փաստորեն, Իսրայելի ղեկավարությունը, հենվելով իր քաղաքացիների, ինչպես նաև սփյուռքի հրեաների հայրենասիրության վրա, կարողացավ ստեղծել կամավորների ցանց, որոնք գործում էին տեղեկատվական ճակատում: Արդիականացված տեխնիկական միջոցների, ինչպես նաև կամավորականների ուժերի ճիշտ համակարգումն ու ուղղորդումը օգնեցին ստեղծել լուրջ կառույց, որը մեծապես աջակցեց Իսրայելի գործողություններին: Իսրայելական պաշտոնական և ոչ պաշտոնական կառույցների գործունեության փորձի ուսումնասիրումը տեղեկատվական առումով թույլ կտա էականորեն կրճատել և´ մարդկային, և´ նյութական ծախսերը` Հայաստանի համապատասխան կառույցների համանման գործունեության համար:

Aucun commentaire: