jeudi 16 juillet 2009

Հայկական վիրտուալ համալսարան - ՀՎՀ

Հայկական վիրտուալ համալսարանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական հաստատությունն է, որը բոլորովին նոր մոտեցմամբ իրականացնելու է իր նվիրվածությունը կրթությանը:
ՀՎՀ-ի նպատակն է ուսանողներին օգնել` օնլայն կրթության միջոցով ձեռք բերել հայկական առարկաների հիմնարար գիտելիքներ: Այն առաջարկում է հայկական կրթության մի շարք սերտիֆիկացված ծրագրեր եւ կրեդիտավորված դասընթացներ` համալսարանի մակարդակով:Այդ սերտիֆիկատները եւ կրեդիտները կարող եք ձեռք բերել տանից, աշխատավայրից կամ ճամփորդության ընթացքում: ՀՎՀ-ն ուսումնասիրում, գնահատում եւ արդիականացնում է իր ծրագրեը, քաղաքականությունը եւ գործունեությունը` իր ուսանող հանրության զարգացող պահանջները բավարարելու նպատակով:
Այժմ ՀՎՀ-ում երեք ֆակուլտետ է գործում` լեզվի, պատմության եւ մշակույթի, որոնցից յուրաքանչյուրը տարբեր մակարդակների դասընթացների շարք է առաջարկում: Հայկական կրթության հարստությունը ողջ աշխարհում լիարժեք տարածելու նպատակով ծրագիրը ներկայացվում է 6 լեզվով` հայերեն (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն:
ՀՎՀ-ն համաժամանակյա եւ տարաժամանակյա հաղորդակցման միջոցների շնորհիվ ուսանողներին հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ստանալ` ժամանակն իրենց հարմար կարգով կազմակերպելով, ինչպես նաեւ օնլայն ուսուցչի եւ դասընկերների հետ դեմ առ դեմ հաղորդակցվելով: Ի լրումն շաբաթական դասերի` ուսանողները մուլտիմեդիա ուսումնական գործիքներ կօգտագործեն, հանձնարարություններ, խնդիրներ,
դասացուցակ, դասընթացի նկարագրություններ, հանձնարարությունների արկղեր եւ գնահատականների մատյաններ կստանան: Ավելին, քննարկումների ֆորումները, էլեկտրոնային նամակը եւ չաթի անկյունները ուսանողներին հնարավորություն կտան ավելի սերտ կապի մեջ լինել եւ ողջ աշխարհից իրենց դասընկերների հետ ընկերություն հաստատել:
Մենք ուրախ կլինենք պատասխանել ձեր բոլոր հարցերին` կապված ընդունելության, ֆինանսական աջակցության, մեր դասընթացների կամ ակադեմիական սերտիֆիկացված ծրագրերի վերաբերյալ: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար գրեք մեզ info@avc-agbu.org հասցեով:

Aucun commentaire: