jeudi 29 octobre 2009

Հայոց ցեղասպանությունը պետք է քննվի միայն միջազգային դատարանում

Հայոց ցեղասպանությունը պետք է քննվի միայն
միջազգային դատարանում,- գտնում է Արեւմտյան
Հայաստանի հայերի ազգային խորհրդի անդամը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-
թուրքական արձանագրությունները մեծ վտանգ են պարունակում ինչպես Հայաստանում,
այնպես էլ արտերկրում բնակվող հայության համար: Այսպիսի համոզմունք հայտնեց
Արեւմտյան Հայաստանի հայերի ազգային խորհրդի անդամ Արմենակ Աբրահամյանը
հոկտեմբերի 29-ի ասուլիսում: Նրա խոսքերով, այդ արձանագրություններով Հայաստանը
ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը` այդպիսով ոտնահարելով
Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքները: Ա.Աբրահամյանը պարզաբանեց, որ
«Արեւմտյան Հայաստանի հայեր» ասելով ի նկատի ունի թե' նրանց, ովքեր այժմ էլ բնակվում
են Թուրքիայի տարածքում, եւ թե' աշխարհի տարբեր ծայրերում հայտնված արեւմտահայերի
ժառանգներին: Նա հավելեց, որ Հայաստանի եւ Թուրքիայի իսկական սահմանը ԱՄՆ-ի
նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի գծած սահմանն է, այլ ոչ թե Արաքս գետը, որը փաստացի
հանդիսանում է Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանների բաժանարար գիծը:
«Այսօր ՄԱԿ-ը ունի մի առանձին հանձնաժողով, որը զբաղվում է բնիկ ժողովուրդների
իրավունքների պաշտպանությամբ»,- նշեց Ա.Աբրահամյանը: Նրա խոսքերով,
արեւմտահայերը համարվում են Թուրքիայի բնիկ ժողովուրդներից մեկը եւ միանգամայն
իրավունք ունեն պահանջել իրենց հասանելիքը ցեղասպան պետությունից:
Ա.Աբրահամյանը «անընդունելի եւ վտանգավոր» որակեց հայ-թուրքական միջկառավարական
ենթահանձնաժողովի ստեղծման գաղափարը: «Ցեղասպանության փաստը քննարկելը
անիմաստ զբաղմունք է: Ցեղասպանությունը կրիմինալ երեւույթ է, եւ պետք է քննվի միայն
միջազգային դատարանում»,- ասաց նա:
Հեղինակ` Նարե Գրիգորյան
Թողարկող խմբագիր` Ռոբերտ Եղյան
29.10.2009
НОЯН ТАПАН
http://www.noyantapan.
am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2009&month=10&day=29&shownews=1019563&Lan
gID=4#1019563

Aucun commentaire: