mardi 15 décembre 2009

Ինչո՞ւ Սարգսյանը սկսեց վազվզել


Մինչեւ տարեվերջ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը որեւէ զարգացում չի կանխատեսում թե ԼՂ հիմնախնդրի, թե հայ-թուրքական հարաբերությունների գործընթացում:

«Արտաքին հարաբերություններում առկա մեր բոլոր խնդիրները ներքին իրավիճակի հետեւանքն են»,- այսօր «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրեց Սեֆիլյանը: Ներքաղաքական իրավիճակը շտկելու հարցում` Սեֆիլյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը միայն մեկ բան կարող է անել` հեռանալ եւ թույլ տալ, որ գան նրանք, ովքեր իսկապես կարող են մաքրել երկիրը բոլոր արատներից:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա նա հիշեցրեց. «Հայ-թուրքական բանակցությունների հենց սկզբում խելոք մարդիկ զգուշացրեցին, որ այս պահին մենք չեն կարող Թուրքիայի հետ դիվանագիտական մրցակցության մեջ մտնել: Քանի որ Սերժ Սարգսյանը փաստացի ընտրված նախագահ չէր, արտաքին քաղաքական դաշտում նա վազվզելով` փորձեց հաստատել իր լեգիտիմությունը: Օտարները այդ առիթը չցանկացան բաց թողնել, քանի որ ավելի թույլիկ նախագահ հնարավոր չէ լինել: Ըստ էության` բոլորն էլ գիտեն, որ նա զավթել է իշխանությունը»:

Սեֆիլյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանի թույլությունն էր պատճառը, որ օտարները ընթացք տվեցին նրա ֆուտբոլային քաղաքականութանը. «Դժբախտաբար Սերժը լինելով կուրացած, միայն իր աթոռը պահելու երազանքով գնաց սխալ ընթացքով: Կարծես թե եկել է ժամանակը, երբ նա զգում է, որ սխալ ընթացքի մեջ է եւ դուրս գալու ձեւեր է փնտրում»: Սեֆիլյանը Սերժ Սարգսյանի կոչ է անում մի կողմ դնել իր շահը եւ առաջնորդվել միայն ժողովրդի շահով. «Եթե նա դա չգիտակցի, ապա իր վախճանը շատ ավելի դաժան է լինելու: Նա պետք է խոստովանի իր ռեժիմի ընթացքում կատարած բոլոր հանցագործությունները: Դրանից հետո ժողովրդի կողմից պետք է ձեւավորվի մի մարմինը, որը կերաշխավորի մեր երկրում ազատ ընտրությունների անցկացումը»:

Խոսելով ԼՂ հիմնախնդրի մասին` Սեֆիլյանը վստահեցրեց, որ Արեւմուտքը ամենեւին նպատակ չունի շուտափույթներ լուծել հիմնադիրը. «Նրանք պարբերաբար օգտագործելով այս խնդիրը` մերթ Երեւանին են ճնշում, մերթ Բաքվին` տարածաշրջանում իրենց խնդիրները լուծելու համար; Այս անգամ Մինսկի խումբը նույնիսկ Երեւան չեկավ: Դժվար չէ ենթադրել, որ մեզ ինչ դեմ են տալիս, ասում են` հարց չկա, կստորագրենք»:

Ինչ վերաբերում է Հիլարի Քլինթոնի եւ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույցներին, ապա Սեֆիլյանը գտնում է, որ ԱՄՆ-ը վերահսկողության տակ է պահում իրավիճակը. «Մինչ օրս Սերժ Սարգսյանը չի հանդիպել իր երազած նախագահին, սակայն մենք տեսանք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հասցրեց հանդիպել: Այս առումով Սերժ Սարգսյանը տխուր վիճակում է: Սա վկայում է այն մասին, որ մեզ չեն վերաբերում պետականություն ունեցող երկրի»:

Ի դեպ, Սեֆիլյանի փաստաբաներն այսօր հայտարարել են, որ պատրաստվում են կրկին դիմել ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնող անձին` Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար: Հիշեցնենք, որ Սեֆիլյանը 1990թ. մինչ օրս ապրում է Հայաստանում եւ նրան 3 անգամ արդեն մերժել են: «Իմ հայրենիքում ապրելու իրավունք ես ունեմ եւ փաստաթղթի վրա իմ իրավունքը կձեւակերպվի, թե ոչ` ինձ քիչ է անհանգստացնում»,- «Ա1+»-ին ասաց Սեֆիլյանը:

Aucun commentaire: