jeudi 29 juillet 2010

Ամառային ճամբար` ազատագրված տարածքում





Հուլիսի 20-ից 25-ը Հայաստանի ազատագրված տարածքում տեղի ունեցավ «Սարդարապատ շարժման» նախաձեռնող խմբի և Արցախում գործող «Ավանդություն» հասարակական կազմակերպության կազմակերպած վրանային ճամբարումը, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից և արտերկրից ժամանած հյուրեր և երիտասարդներ:

Ճամբարումը տեղի ունեցավ Քաշաթաղի շրջանի Խաչինտափ բնակավայրի` Կիլիկիայի հայոց Հեթում թագավորի տոհմատան հարևանությամբ։ Վայրը խորհրդանշական էր, քանի որ այն գտնվում էր Հայաստանի Հանրապետությունը և Արցախը միացնող տարածքում` վերաբնակեցված գյուղի հարևանությամբ` անտառային բացատում:

Ճամբարի մասնակիցները ամենօրյա արշավների միջոցով ծանոթացան հայ զինվորի արյան գնով ազատագրված հայրենիքի մի մասին, հայրենի բնությանը, տեղաբնակներին, նրանց առօրյային և կենցաղին։

Հանգստի ժամերին երիտասարդների հետ Հայաստանի ներկայի, ապագայի, Հայոց պետականության, Քաշաթաղի պատմամշակութային հուշարձանների մասին զրույցներ վարեցին «Ժառանգություն» կուսակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ՀԱՀԳԲ նախկին անդամ Ալեք Յենիգոմշյանը, Արևմտյան Հայաստանի ազգային խորհրդի անդամ Արմենակ Աբրահամյանը, Քաշաթաղի շրջանի վարչակազմի առաջին ղեկավար (1993–2004թթ.), պատմաբան Ալեքսան Հակոբյանը, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կրթություն» հ/կ նախագահ, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուքասզյանը, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր վերաբնակիչ, վերաբնակեցման մասնագետ Տիգրան Կյուրեղյանը, հայտնի տնտեսագետ, վաշինգտոնաբնակ Դավիթ Գրիգորյանը, արցախյան ազատագրական պայքարի ակունքներում կանգնած, ազգային գործիչ Վալերի Բալայանը, ազատամարտիկ, մշակույթի գործիչ, պարուսույց Գագիկ Գինոսյանը, բնապահպան Հրայր Սավզյանը:

Ճամբարումին մասնակցեցին և օժանդակեցին Արցախյան Ազատամարտի մասնակիցներ, հայտնի հրամանատարներ։

Վերջին օրը ճամբարումի մասնակիցները այցելեցին Արցախի խորհրդանիշը հանդիսացող «Մենք ենք մեր սարերը» հուշակոթող, Շուշի, Ղազանչեցոց եկեղեցի և Շուշիի հայտնի կիրճի մոտ տեղեկացվեցին 1992թ. Շուշիի ազատագրման գործողության մանրամասներին, որից հետո վերադարձան Երևան։

Ազատագրված տարածքում բնակվող մեր հայրենակիցները ճամբարի մասնակիցներին ընդունեցին մեծ խանդավառությամբ, քանզի կար ընդհանուր գործի գիտակցում, և որ այդ տարածքներում բնակվող հայ մարդը մոռացված և օտարված չէ հայ երիտասարդությունից։

Երիտասարդների ժամանցը, հանգիստը և արշավները տեղի էին ունենում արդեն իսկ հայ զինվորի արյունով սրբացված վայրերում, այլ ոչ սևաններում, ծաղկաձորներում և ջերմուկներում։

Միջոցառման կազմակերպիչները, այս և նմանատիպ ճամբարումներ կազմակերպելով, նպատակ են հետապնդում հայ մտավորական երիտասարդներին տալ որոշակի ֆիզիկական կոփվածություն, ամրացնել կամային որակները, ձևավորել հաղթած երկրի քաղաքացու հոգեբանություն, հայրենիքում և արտերկրում բնակվող երիտասարդ մեր հայրենակիցների մոտ առաջացնել ազատագրված տարածքներում բնակվելու և վերաբնակեցման ծրագրերին օժանդակելու ցանկություն և գիտակցություն, ինչը կարող է վերածվել պարտականության և յուրաքանչյուր հայ երիտասարդի համար պարտքի` Հայրենիքին վտանգ սպառնելու դեպքում այն պաշտպանել։

Միջոցառման կազմակերպիչները պատրաստվում են 2011 թվականին ևս նմանատիպ ճամբար և բանակում անցկացնել։

samedi 24 juillet 2010

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԻՃՅԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ - մաս 3



vendredi 23 juillet 2010

ՆԱԽԱՄԱՇՏՈՑՅԱՆ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ - մաս 3

Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարի հրավերքով Ֆրանսիա ժամանեց պատմաբան Արտակ Մովսիսյանը։ Փարիզ և Մարսել քաղաքներում տեղի ունեցան դասախոսություններ, որի տեսագրության 3-րդ մասը ներկայացնում ենք ձեզ։

mercredi 21 juillet 2010

Հայաստանյան համակարգի հատկանիշները

Ալեք Ենիգոմշույան

Սկիզբը

Մինչեւ նոր, Հայաստանի ներկա պայմաններին համապատասխանելու ձգտող այլընտրանքային համակարգի առաջարկ ներկայացնելու փորձը, անհրաժեշտ է նախ գտնել հետեւյալ երկու հարցերի պատասխանները:

1. Ինչո՞ւ, ի տարբերություն շատ այլ երկրների, որտեղ չնչին մեծամասնություն կազմող մեծահարուստների առանձնաշնորհյալ դասի գոյությունը չի բացառում մեծամասնություն կազմող միջին խավի առկայությունը, եւ այդ երկուսը համատեղ կարողանում են գոյատեւել, Հայաստանում (եւ նման երկրներում) մեծահարուստների չնչին խավի առկայության պայմաններում բնակչության մեծամասնության համար անհնարին է անցում կատարել միջին խավի մակարդակ, եւ բացառվում է այդ երկուսի համատեղ գոյությունը:

2. Ինչո՞ւ, ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների, որտեղ իշխանափոխությունը կատարվում է խաղաղ եւ առանց լուրջ առճակատումների, Հայաստանում (եւ նման երկրներում) առանձնաշնորհյալների իշխող խմբավորումը ոչ միայն պատրաստ է բիրտ ուժ օգտագործելու եւ արյունահեղության գնով կանխելու ժողովրդայնություն վայելող քաղաքական ուժերի կողմից օրինական ճանապարհով իշխանության հասնելու փորձերը, այլեւ այդ իշխանությունը կամովին եւ սահուն կերպով չի զիջում նույնիսկ միեւնույն համակարգի վերնախավային մի այլ խմբավորման եւ փորձում է մշտապես պահել իշխանությունը:

Ինչպես հասարակական գրեթե բոլոր երեւույթների պարագայում, այստեղ եւս ենթակայական գործոնների դերը, ներառյալ քաղաքական մշակույթինը, աննշան չեն: Սակայն վճռական դեր ունեն առարկայական գործոնները:
Վերոնշյալ հարցերի ճիշտ պատասխանները գտնելը կախված է մի քանի հանգամանքների հաշվառումից:

Դրամատիրական զարգացման դարավոր ճանապարհ անցած երկրներում տնտեսական համաշխարհային մասշտաբի գործունեությունից եւ այդ գործունեության ձեւերից առաջացած հավելյալ արժեքը, հետեւաբար նաեւ շահույթը, սովորաբար ծավալով այնքան մեծ է եղել, որ հնարավորություն է տվել ե՛ւ գերշահույթներով ապահովել վերնախավին, ե՛ւ մեծ մասամբ միջին կենսամակարդակ ապահովել բնակչության մեծամասնության համար:

Օգտագործելով ֆինանսական, տեղեկատվական եւ շատ այլ միջոցներ ու տեխնոլոգիաներ` այդպիսի երկրների առանձնաշնորհյալ դասը ստեղծել է այնպիսի մի համակարգ, որն ապահովում է նրա մշտական վերարտադրությունն իր դիրքերում:

Այդ պատճառով էլ այդ դասն անհրաժեշտություն չի զգում երկրի կառավարումն իրականացնել ուղղակի իր ձեռքերով, այլ դա կատարում է միջնորդավորված եղանակով` քաղաքական կուսակցություններով եւ պրոֆեսիոնալ քաղաքագետներով:

Իշխանությունը պարբերաբար փոխանցվում է նույն այդ դասի տարբեր, բայց իրարից քիչ զանազանվող ներկայացուցիչների (օրինակ` կուսակցությունների) միջեւ:

Մեծամասնություն կազմող միջին խավը, սոցիալ-տնտեսական առումով բավականաչափ ապահովված եւ բավարարված լինելով, նման համակարգից առանձնապես չի դժգոհում եւ դրա դեմ ըմբոստանալու հակումներ չի ցուցաբերում: Հետեւաբար, նման երկրներում հնարավոր է դառնում արեւմտյան «ժողովրդավարական» համակարգի կիրառումը:

Ի տարբերություն այդ երկրների, համաշխարհային դրամատիրական համակարգի ծայրամասերում գտնվող երկրներում, որոնց թվում է, փաստորեն, հայտնվել Հայաստանը, համաշխարհային այդ համակարգի զարգացման ներքին տրամաբանության, ինչպես նաեւ դրամատիրական զարգացման իրենց նվաճած պատմական փուլի մակարդակի բերումով, տնտեսական գործունեությունից առաջացած հավելյալ արժեքի, հետեւաբար եւ շահույթի ծավալը լինում է շատ ավելի փոքր:

Այս փոքր ծավալը բավարար չէ միաժամանակ ե՛ւ հագեցնելու վերնախավի ընչաքաղցությունը, ե՛ւ բնականոն պայմաններ ստեղծելու ամբողջ բնակչության համար: Ավելին, Հայաստանի նման երկրներում, որտեղ դրամատիրական դասական հարաբերությունները նոր են հաստատվել, դրամագլխի կուտակումը, հավելյալ արժեքն ու շահույթը իրականացվում են տվյալ երկրների ներսում ծավալվող գործունեությունից` ի հաշիվ տեղական պաշարների եւ աշխատուժի:

Նման իրադրությունը փոքրաթիվ մենաշնորհյալների կողքին քանակական մեծամասնություն կազմող միջին խավի առաջացման հնարավորություն չի տալիս: Մերի պես երկրներում տնտեսական վերնախավի եւ հասարակ ազգաբնակչության շահերը չեն կարող միմյանց չհակադրվել:

Ստեղծված կացության մեջ պետք է զիջի երկու կողմերից մեկը: Եվ քանի որ իշխանությունը, այսինքն` կազմակերպված ուժը սովորաբար գտնվում է առաջինների ձեռքում, ժողովուրդը ստիպված է լինելու զիջել (բացի այն պարագայում, ի հարկե, երբ հաջողվում է շրջել ուժերի հավասարակշռությունը):

Այս է պատճառը, որ նման երկրներում արեւմտյան ժողովրդավարությունը չի գործում, որովհետեւ դա կնշանակեր առանձնաշնորհյալ խավի իշխանության կորուստ:

Չէ՞ որ ազատ պայմաններում դժգոհ ժողովուրդն իր չքավորության պատճառ հանդիսացողներին իշխանության չի թողնի. իսկ առանց իշխանության այս վերջինները կզրկվեն նաեւ իրենց տնտեսական մենաշնորհներից:

Այդ է պատճառը, որ նման երկրներում իշխանությունը լինում է կամ ուղղակի բռնատիրական կամ ավտորիտար ու միայն շղարշով ժողովրդավարական:

Բացի այդ, գերշահույթներ ապահովելու կարելիությունների (շատ դեպքերում` նաեւ ոլորտների) հարաբերաբար սահմանափակ լինելու փաստը տնտեսական վերնախավի բոլոր ներկայացուցիչներին հնարավորություն չի տալիս ըստ իրենց ցանկության գերշահույթներ ապահովել:

Այդ պատճառով, համեմատաբար սահմանափակ պաշարներից եւ աշխատուժի շահագործումից ստեղծվելիք գերշահույթներին տիրապետելու համար սուր պայքար է ծավալվում միեւնույն վերնախավի այդ խմբավորումների միջեւ: Վերջիններիս շահերը հակադրվում են միմյանց:

Հետեւաբար, ի տարբերություն վերոնշյալ ժողովրդավար երկրների, որտեղ քաղաքական իշխանության` վերնախավի «Ա» խմբավորումից «Բ»-ին անցման դեպքում «Ա»-ի շահերին էական վտանգ չի սպառնում, եւ, հետեւաբար, տնտեսական վերնախավը երկրի քաղաքական ղեկը հանձնում է պրոֆեսիոնալ քաղաքագետներին, մեզանում այդ վտանգն առավել քան առկա է, ինչն անհնարին է դարձնում երկրի կառավարման ղեկի հանձնումը պրոֆեսիոնալ քաղաքագետների:

Երկրի քաղաքական եւ ուժային լծակները ուղղակիորեն (եւ ոչ թե միջնորդված կերպով) իր ձեռքում է պահում տվյալ պահին իշխող խմբավորումը` անխուսափելիորեն ծնելով տնտեսական շահերի եւ քաղաքականության ուղղակի սերտաճում:

Այստեղից կարելի է անել մի քանի էական հետեւություններ.

1. Հայաստանի ներկա պայմաններում մենաշնորհյալ չնչին փոքրամասնության եւ մնացած ազգաբնակչության շահերը առարկայականորեն անհամատեղելի են: Նման կացության բերումով անհնարին է այդ փոքրամասնության կողքին մեծամասնություն կազմող միջին խավի առաջացումը: Դրա համար անհրաժեշտ է համակարգի փոփոխություն:

2. Հայաստանի պայմաններում ենթադրյալ «ազատ շուկայական մրցակցային տնտեսության» պահանջի լոզունգով հանդես գալն ինքնախաբեություն է, իսկ շատ պարագաներում` կեղծիք: Հաջողության պարագայում (որին իր ամբողջ ուժով կընդդիմանա վերնախավային առկա խմբավորումը) այն, ներկա առանձնաշնորհյալների հարստության ծավալի հաշվին, կավելացնի առանձնաշնորհյալների թիվը, բայց չի կարողանա լուծել երկրի խնդիրները: Հայաստանին անհրաժեշտ է պետական-հանրային լուրջ դերակատարության եւ սոցիալական հստակ ուղղվածության պայմաններում շուկայական տնտեսություն:

3. Հայաստանում ծառացած հիմնահարցերն ու ճակատագրական նշանակության խնդիրները համակարգի «ծայրահեղ», «չափազանցված» կամ «սխալ» կիրառման արդյունքը չեն: Դրանք նույնինքը համակարգի, նրա էության ու առարկայական հատկանիշների ծնունդն են: Համակարգն է հարցերի ու խնդիրների բուն պատճառը:

4. Հայաստանում ծառացած հիմնահարցերն ու ճակատագրական նշանակության խնդիրները (միայն) անհատներով չեն պայմանավորվում: Դրանք, անկախ այս կամ այն անհատից, անկախ այս կամ այն խմբավորումից ու կլանից, արդյունքն են տիրող համակարգի գոյության:

5. Նման համակարգի առկայության պայմաններում ժողովրդավարության, մարդու իրավունքների հարգման, օրենքի իշխանության հաստատման, տնտեսական շահեր-քաղաքական իշխանություն ուղղակի սերտաճման բացառման եւ նմանօրինակ այլ նպատակներ իրականացնելու ակնկալիքները անհեթեթություն են եւ ինքնախաբեություն: Այդ ոլորտներում առկա իրողությունները միայն քաղաքական առողջ մշակույթի բացակայության արդյունք չեն: Գոյություն ունեցող երեւույթները համակարգի անբաժանելի բաղադրիչներն են եւ ամբողջությամբ տեղավորվում են դրա ներքին տրամաբանության մեջ: Դրանք չեն կարող առանձին-առանձին փոխվել: Համակարգը պետք է փոխվի ամբողջությամբ:

6. Ազգային համարվող հարցերի նկատմամբ տնտեսաքաղաքական վերնախավի մոտեցումները չեն կարող ուղղակիորեն չհետեւել իրենց համակարգային գերշահերի տրամաբանությանը: Նախ պետք է գիտակցել, որ ազգային ամենաէական խնդիրը երկրի ներսում տիրող իրավիճակն է, որովհետեւ դրա շարունակությունն անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի ու հայ ազգի վերացմանը: Ազգային բնույթի մնացյալ հարցերում եւս, ինչպես Արցախի, ցեղասպանության հետեւանքների, սփյուռքի, մշակութային, կրթական եւ այլն, վերնախավի մոտեցումները պայմանավորվում են իրենց շահերն անխախտ պահելու մտահոգությամբ եւ դրանք նույնիսկ հավելելու միտումով, ինչպես նաեւ իրենց դավանած արժեհամակարգով: Բացառապես «ազգային» հարցերում ընդդիմադիր լինելը լավագույն պարագայում ինքնախաբեություն է, իսկ ավելի շուտ` կեղծիք:


http://hetq.am/am/society/hayastan-8/

Ժողովրդագրական համաղետը, տիրող համակարգը եւ Հայաստանի լինելության խնդիրը – 4

Սկիզբը

3. Առկա համակարգն իրական կյանքում
1998 թ. իշխանափոխությունից հետո մոտ երկուսուկես տարի էր պահանջվելու, մինչեւ վերջնականապես կվճռվեր, թե վերնախավային խմբավորումներից որն է իշխելու հետհհշական Հայաստանում: 2000 թ. կեսերին ներքին պայքարն ավարտվեց հօգուտ Ռոբերտ Քոչարյան – Սերժ Սարգսյան զույգի, եւ այդ թվականից տիրող համակարգը ղեկավարվում է «ղարաբաղյան կլանի» կողմից:

«Հհշական կլանի» փոխարինումը «ղարաբաղյանով» երկու բան, այնուհանդերձ, չի նշանակում: Առաջին` դա չի նշանակում, որ «վերնախավի վերնախավը» բաղկացած էր եւ շարունակում է բաղկացած մնալ բացառապես արցախցիներից, եւ թե բոլոր արցախցիներն օգտվում են այդ վերնախավի գոյությունից (իհարկե, անհեթեթ միտք): Երկրորդ` չի նշանակում, թե վերնախավն ամբողջությամբ փոխվել է, թե նախկին առանձնաշնորհյալներն ամբողջությամբ փոխարինվել են նորերով: Նրանցից շատ քչերը հեռացվեցին, ուրիշների դիրքերը թուլացան, եկան նորերը, ոմանք շատ հզորացան, իսկ ոմանք մնացին այնտեղ, որտեղ գտնվում էին:

Նոր կլանի գալստյամբ, այնուամենայնիվ, տեղի ունեցավ մի ոչ աննշան փոփոխություն: Վերին օղակներում տիրող համեմատաբար մտավորական մթնոլորտին եկավ փոխարինելու գավառականն ու նույնիսկ «կիսագողականը», իսկ ավելի ստորին օղակներում աճեց կիսաքրեականի դերը:

Սակայն, նոր (հետերկուհազարյան) փուլում համակարգի հիմնական հատկանիշը հանդիսացավ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական-ուժային ոլորտներում կենտրոնացման եւ մենաշնորհացման գործընթացների տեմպերի արագացումն ու ծավալների մեծացումը:

Չնայած նոր կլանը այս գործընթացների վրա իր անհերքելի ազդեցությունն ունեցավ, այնուամենայնիվ, այդ գործընթացներն անբաժանելի մասն են կազմում համակարգի ներքին տրամաբանության, եւ այլ «վերին օղակի» առկայության պարագայում, թեկուզ ուրիշ ձեւի տակ, դրանք անխուսափելիորեն դրսեւորվելու էին:

Ստորեւ ներկայացվածն առավել կամ նվազ չափով հայտնի է բոլորին: Այստեղ փորձ է արվում ամփոփ կերպով ներկայացնել երկրում տիրող իրավիճակը` իր զանազան կողմերով:

Փոքրաթիվ վերնախավը ստեղծել է իր շահերին համապատասխանող, իսկ երկրի զարգացման ու ազգաբնակչության շահերի տեսակետից չափազանց վնասարար ու անառողջ տնտեսական կառուցվածք:

Երկրի տնտեսական կյանքը պտտվում է հիմնականում մենաշնորհված ներմուծումների, նույնպես մեծ մասամբ մենաշնորհված հանքարդյունաբերության եւ հումքի արտահանման, անշարժ գույքի սպեկուլյացիայի (մինչեւ ճգնաժամը) եւ ցածրորակ ծառայությունների մատուցման ոլորտների շուրջ: Ձեռնարկատիրական կարեւոր գործարքների եւ արտոնություններ շնորհելու որոշումները կայացվում են վերին օղակների գրասենյակներում: Ներմուծվող սպառողական ապրանքների վաճառքից գերշահույթներ ապահովելով` մենաշնորհյալ դասը զարկ չի տալիս արդյունաբերությանը եւ նույնիսկ արգելակում է դրա զարգացումը:

Քիչ թե շատ աշխատում են արդյունաբերության սահմանափակ թվով այն ճյուղերը, որոնք մրցակից չեն ներմուծումներին. այդ ճյուղերը եւս հիմնականում կենտրոնացված են նույն դասի ձեռքերում:

Կիրառվող հարկային քաղաքականության նպատակը ոչ այնքան պետբյուջեի եկամուտների բաժնի ապահովումն է, որքան մանր ու միջին ձեռնարկատիրության առջեւ մշտական խոչընդոտների եւ ֆինանսական ծայրահեղ դժվարությունների ստեղծումը` տնտեսական դաշտում մենաշնորհյալ դասի բացարձակ գերակայությունն անխախտ պահելու համար:

Պետբյուջեի եկամուտներն ապահովվում են հիմնականում ազգաբնակչության վճարած անուղղակի հարկերի եւ մանր ու միջին ձեռնարկատերերի ուղղակի հարկերի միջոցով: Մեծ բիզնեսը ոչ միայն հեշտությամբ գերշահույթներ է ապահովում, այլեւ դրանց համապատասխան հարկեր չի մուծում:

Այդ է պատճառը, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը մշտապես մնում է ցածր, 16-18 տոկոսի սահմաններում, ինչը երկիրը զրկում է զարգացման մի կարեւոր լծակից, մինչդեռ զարգացած համարվող, ինչպես նաեւ բազմաթիվ ոչ զարգացած երկրներում այն 30 տոկոսից ներքեւ չի իջնում:

Ազգաբնակչության մինչեւ 50 տոկոսը կազմող գյուղատնտեսությամբ զբաղվողների հատվածը, եւ ընդհանրապես գյուղատնտեսությունը գտնվում է աղետալի վիճակում:

Այս բնագավառի աշխատողները հայտնվել են արտադրական ու փոխանակման անհավասար հարաբերությունների մեջ: Գյուղմթերքների արտադրության ինքնարժեքը շատ դեպքերում գերազանցում է վաճառքի գինը:

Հարկային զեղծարարություններով եւ այլ ոչ ազնիվ միջոցներով իրականացվող գյուղմթերքների ներմուծումները տեղական բազմաթիվ մթերքների արտադրությունը հասցրել են անդամալուծության աստիճանի:

Ոռոգման քաղաքականությունը կարծես հատուկ մշակված լինի գյուղացիությանն իր աշխատանքից զրկելու համար: Բանկերի վարկային-վաշխառուական քաղաքականությունն արդեն սնանկացրել է հազարավոր գյուղացիների եւ այլն:

Նման պայմաններում բնավ զարմանալի չէ, որ այս տարի մոտ երկու հարյուր հազար հեկտար գյուղատնտեսական հողեր (ամբողջի ավելի քան 40-45 տոկոսը) մնացել են անմշակ:

Երկրում ամեն ինչի վրա ձեռք դնելուց հետո առանձնաշնորհյալների դասն ու նրանց հովանավորյալները վերջին տարիներին էժան գներով գյուղացիներից ձեռք են բերում, չասելու համար` խլում գյուղատնտեսական հողերը:

Համակարգը, բացի այն, որ քաղաքացիներին աշխատանքով չի ապահովում, աշխատանք ունեցողների մեծամասնությանը ենթարկում է անխնա շահագործման: Հակառակ անցած 20 տարիների ընթացքում մեկ ու կես միլիոնի արտագաղթին, աշխատունակ բնակչության երեսուն տոկոսն առ այսօր մնում է գործազուրկ: Վարձու աշխատողների մեծամասնության աշխատավարձերն անբավարար են:

Արտագաղթողների` իրենց հարազատներին ուղարկած նյութական օժանդակություններով հանդերձ (որը կազմում է ՀՆԱ-ի մինչեւ 30 տոկոսը), երկրում աղքատության մակարդակը մնում է բարձր:

Առկա է սոցիալական սուր բեւեռացվածություն: Եզրակացությունը պարզ է. զանգվածային արտագաղթով հանդերձ, Հայաստանի ամբողջ ազգաբնակչության կենսագործունեության եւ վերարտադրության անհրաժեշտ սոցիալ-տնտեսական նվազագույն պայմանները ապահովված չեն:

Վերջերս Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը պարզապես նպատակ ունի հաստատագրելու եւ օրենքի ուժ տալու արդեն իսկ փաստացի կիրառվող բացահայտ շահագործման վրա հիմնված գործատու-գործավոր աշխատանքային հարաբերություններին:

Նախագիծը նախատեսում է օրինականացնել գործատու-գործավոր աշխատանքային բանավոր պայմանագրի դրությունը, ստեղծել «գրպանային» աշխատավորական միություններ եւ վարձու աշխատանքի մեջ ներգրավելու տարիքային օրինական շեմն այժմյան 16 տարեկանից իջեցնել գ 7-ի:

Համակարգը, փաստորեն, հայ աշխատավորին օրենքի ուժով դատապարտում է անվերջ գերշահույթ ապահովելու իր, համակարգի տերերի համար` առանց իսկ ապահովելու նույն աշխատավորի վերարտադրության տարրական պայմանները:

Կենսաապահովման նոր, «կուտակային» պարտադիր համակարգը եւս, որն աշխատավորական ու պետական հսկայական գումարները դնելու է ֆինանսական մասնավոր ձեռնարկության տրամադրության տակ, իր ներկա տեսքով չի կարող այլ նպատակ հետապնդել, քան գերշահույթների ապահովումը այդ «մասնավորի» համար` սպեկուլյատիվ ներդրումների միջոցով քաղաքացիներին պատկանող հսկայական ֆոնդերը մեծ ռիսկերի ենթարկելու գնով:

Հայաստանի տարածքը, թեկուզ դանդաղորեն, բայց հաստատապես դառնում է մարդու բնակության համար անպիտան: Խորհրդային վարչական հանցավոր հրամանների եւ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի պատճառով երկիրը գոյապահպանական առումով արդեն հատել է ճգնաժամային շեմը:

Անցած տասնհինգ տարիներին իրավիճակը, փոխանակ ուղղվելու, ավելի է վատթարացել, եւ այդ ընթացքը շարունակվում է: Դարձյալ փոքրաթիվ մարդկանց ընչաքաղցությանը հագուրդ տալու համար Հայաստանի խղճուկ անտառների ջարդը շարունակվում է:

Արժեքավոր ծառերն ապօրինաբար հատվում են վերնախավի ներկայացուցիչների առեւտրային շահերի համար, իսկ նրանց պատճառով չքավոր դարձած մարդկանց վաճառվում է դարձյալ ապօրինաբար հատված վառելափայտը:

Ջրային պաշարների, էրոզիայի դեմ պայքարի եւ մաքուր օդի աղբյուր հանդիսացող անտառը, փոխանակ ընդարձակվելու, չքանում է: Երկիրն անապատացվում է: Երկրում աղբյուրների թիվը գնալով պակասում է:

Սեւանից հետո, Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերը անհաշվենկատորեն շահագործվում են` պատճառ դառնալով ե՛ւ ջրային պաշարների նվազման ե՛ւ թե հողերի գերխոնավացման ու աղակալման: Հանքարդյունաբերությունն ընդհանրապես, եւ դրա իրագործման եղանակները հատկապես, փոքրատարածք երկրին ու ժողովրդին սպառնում են ոչ հեռահաս բնապահպանական աղետով:

Իր շահերն ապահովող այս իրավիճակի հարատեւությունը երաշխավորելու եւ հավանական ընդվզումները սանձելու համար վերնախավը հաստատել է ավտորիտար վարչակարգ, որն ամեն անգամ, երբ անհրաժեշտությունը զգացվում է, փոխվում է բռնատիրականի (երկրին հատուկ պայմանների բերումով մշտապես բացահայտ բռնատիրական վարչակարգի անհրաժեշտություն չի զգացվում): Որոշ շրջաններում տեղական «իշխանները» հաստատել են մարդկանց ենթարկեցման ավատատիրական (ֆեոդալական) համակարգ:

Երկրի կառավարման ուժային եւ պետական կառույցները ծառայում են վերնախավի շահերին: Օրենքները կամ ուղղակիորեն ծառայում են այդ շահերին, կամ էլ, վերնախավին նպաստավոր չլինելու պարագայում, վերջինների կողմից շրջանցվում են` իրավական համակարգի գործուն մասնակցությամբ:

Իր գերակայությունն ապահովելու համար վերնախավն օգտագործում է կիսաքրեական տարրերին ու սնուցում նրանց, ստեղծում «մասնավոր» պատժիչ ուժեր:

Համակարգը պարարտ հող է կոռուպցիայի համար: Բոլոր` իրավական, տնտեսական, քաղաքական, քաղաքացիական, մարդու տարրական իրավունքների եւ այլ ոլորտներում տիրում է աղաղակող անարդարություն:
Վերոնշյալ իրողությունների տեւականությունը ժողովրդի մի կարեւոր հատվածի մոտ առաջացրել է բարոյահոգեբանական անկման, հուսալքության ու անտարբերության մթնոլորտ:

Այս մթնոլորտի առկայությունը նպաստում է տնտեսաքաղաքական վերնախավի շահերի տեւականացմանը, եւ այդ խավը, բնականաբար, սնուցում է նույն այդ մթնոլորտը: Ազգաբնակչության մեծամասնության մոտ բացակայում է հավատն ու վստահությունը ոչ միայն իշխանությունների, այլ, ավա~ղ, մայր երկրի ու հայրենիքի նկատմամբ:

Մարդիկ մեծաթիվ շարքերով երես են թեքում իրենց հայրենիքից: Վերնախավի` երկիրը սեփական կալվածի վերածելու եւ հայրենիքի գաղափարը ստորացնելու փաստը ժողովրդի նվազ գիտակից խավի մոտ արհամարհանքի եւ հեգնանքի զգացումներ եւ վերաբերմունք է առաջացրել հայրենիքի ու հայրենասիրության գաղափարների նկատմամբ:

Վերոնշյալ սոցիալ-տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների համակարգը, վերնախավի ընչաքաղցության ու հոռի բարոյական արժեքների ծնունդն իր հերթին, առաջացրել ու տարածել են արժեքային ու բարոյական մի համակարգ, որի սյուներն են նյութական ունեցվածքի նկատմամբ պաշտամունքը, հնարավոր ամեն ինչի (նաեւ ոչ նյութական արժեքների) ապրանքայնացումն ու առեւտրային տրամաբանությանը ենթարկումը, մակերեսայնությունը, խաբեությունը, կեղծիքը, կաշառակերությունն ու կաշառատվությունը եւ այլն: Արժեքային այս համակարգը, ցավոք, թափանցել է նաեւ ժողովրդի մի ոչ անտեսելի հատվածից ներս եւ առաջացրել բարոյական, մշակութային եւ հոգեւոր արժեքների աղճատում:

Հայաստանում տիրող առարկայական եւ արժեքային համակարգի այս իրավիճակում մշակույթը, գիտությունն ու կրթությունը մեծ հաշվով արժեզրկված ու արհամարհված են: Դրանք ահավոր անկում են արձանագրել իրենց նախկին, թեկուզ եւ վարչահրամայական ու դոգմատիկ մոտեցումների պատճառով խոցելի, բայց, այնուամենայնիվ, պատվաբեր մակարդակներից:

Նոր-ազատական գաղափարախոսության ու քաղաքականության կիրառումը, այդ ոլորտներում պետության էական դերակատարությունից հրաժարումը եւ տնտեսական գործունեության գերիշխող ոլորտի անցումը գիտության վրա հիմնված արդյունաբերական բնագավառից առեւտրի բնագավառ ուժեղ հարված են հասցրել գիտության, կրթության ու մշակույթի ոլորտներին: Նոր պայմաններում «փող աշխատելու» համար հատուկ կրթվածություն չէր պահանջվում:

Հիմնականում առեւտրով ու սպեկուլյացիայով զբաղվող վերնախավի համար մշակույթը, գիտությունն ու կրթությունը հետաքրքիր ոլորտներ չեն:

Այս եւ նման մարդկանց ներկայացրած օրինակի` հասարակության լայն խավերի վրա թողած ազդեցության, նյութական ունեցվածքի ֆետիշացման, համատարած կաշառակերության, նոր արժեհամակարգի եւ նման գործոնների առկայության պայմաններում հասարակության կարեւոր հատվածների համար նշված ոլորտները կորցրել են իրենց գրավչությունը:

Կրթական համակարգը դարձել է կաշառք ստանալու եւ կաշառքով վկայական ստանալու միջավայր: Բարձրարժեք մշակույթն ընդհանրապես, եւ ազգային զուլալ մշակույթը մասնավորապես, մի կերպ դիմանում են փոքրաթիվ նվիրյալների համառ ջանքերի եւ պայքարի շնորհիվ:

Տիրող մթնոլորտի եւ ընդհանրապես առկա համակարգի պայմաններում ներկայիս վարչապետի փայփայած «գիտելիքահենք տնտեսության» «տեսլականը» անհամ կատակ է հիշեցնում:

Վերջին ամիսներին ընդհանուր մտահոգության եւ ընդվզումի պատճառ դարձաձ «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները եւս ծառայում են վերնախավի շահերին ու տրամաբանությանը: Արտոնելով օտարալեզու կրթությունը, վերնախավը, իր դիրքերը պահպանելու նպատակով, հերթական ծառայությունն է մատուցում օտար պետությանը:

Ավելին, քանի որ տիրող վերնախավը նպատակ չունի ընդհանուրի համար ստեղծել կրթական առողջ համակարգ (ներկա պայմաններում մեծ ցանկության դեպքում անգամ դա անհնարին է), նա հիմնում է օտարալեզու դպրոցական համակարգ, որը կհանդիսանա իր «բալիկների» համար «փայլուն ապագա» ապահովող ցատկատախտակ:

Հայաստանն, ինչպես հաճախ է պատահել պատմության ընթացքում, այսօր եւս գտնվում է արտաքին ոչ բարենպաստ միջավայրում: Այս իրողությունը կարող էր առանձնապես վտանգավոր չդառնալ, եթե երկիրը, վերոնշյալ բոլոր հանգամանքների հետեւանքով, խոցելի ու հիվանդ չլիներ, եւ եթե ղեկավարությունը արտաքին կապերն օգտագործեր ոչ թե իր սեփական դիրքերի պահպանման ու ամրապնդման, այլ երկրի անվտանգության ու բարօրության մակարդակների բարձրացման համար:

Օրինակ` մի կողմից վարված քաղաքականության հետեւանք` երկրի խոցելիությունը, մյուս կողմից` իշխող վերնախավի դրսեւորած վարքագիծն են հիմնական պատճառն այն երեւույթի, որ ազգային տնտեսության ռազմավարական ոլորտները հանձնվել են օտար ուժերին:

Անվանապես անկախ Հայկական պետականությունն այսօր մեծապես կախված է այլ տերություններից:
Շուրջ հազար տարի, թերեւս անընդհատ տարածքներ կորցնելուց հետո, 20-րդ դարի ավարտին հայ ժողովուրդը ազատամարտի եւ իր զավակների արյան գնով կարողացել է ազատագրել իր հայրենիքի մի փոք հատվածը` Արցախը:

Պատմական ու ոգեղեն մեծ նշանակություն ունեցող այս հաղթանակի ու ներկա Հայաստանի համար ռազմավարական ու անվտանգության առումով խոշոր արժեք ներկայացնող այդ տարածքների ճակատագիրը, սակայն, շարունակում է վտանգված մնալ ոչ միայն արտաքին ճնշումների, այլեւ առաջին հերթին հայկական իշխանությունների վարած պարտվողական քաղաքականության պատճառով:

Նույն իշխանությունները պրագմատիկ քաղաքականություն վարելու պատճառաբանությամբ շտապում են Հայաստանի ու հայության անունից համակերպվել Օսմանյան Թուրքիայի կողմից կատարված ցեղասպանության հետեւանքների հետ:

Իշխանությունների այս վարքագծի հիմքում արեւելյան եւ արեւմտյան սահմանների բացումից ակնկալվող շահույթներն են, բայց նաեւ` իրենց իսկ մեղքով երկրի խոցելիության եւ հետեւաբար արտաքին ճնշումների դիմաց իրենց դիրքերը պահպանելու մտահոգությունը:

Մինչդեռ, ազատագրված տարածքների եւ ցեղասպանության հետեւանքների առնչությամբ վարվող այդ քաղաքականության` իր տրամաբանական ավարտին հասնելու պարագայում Հայաստանը կզրկի ամեն տեսակի պաշտպանվածությունից, եւ մահացու հարված կհասցվի հայկական ոգուն:

Ահավասիկ Հայաստանում տիրող իրականությունը, արդյունքը մի խումբ մարդկանց նյութական ամեն հնարավոր ունեցվածք յուրացնելու անհագ, դանայան տակառ հիշեցնող ցանկության ու այդ ցանկությունն իրականացնելու կոչված ամբողջական համակարգի:

Այս իրողության բաղկացուցիչ յուրաքանչյուր մասնիկ, առանձին վերցրած ու անկախ այլ նկատառումներից, հակամարդկային է, անբարոյական, ազգավնաս ու պետականավնաս եւ այդ պատճառներով բացարձակապես մերժելի:

Բացի այդ, այս իրականությունը պատճառն է Հայաստանի գրեթե անբուժելիության աստիճանի հասած հիվանդության, ներառյալ` համաղետային ժողովրդագրական իրավիճակի` շարունակվող արտագաղթի, բնական աճի շատ ցածր մակարդակի ու սփյուռքահերի հայրենադարձության չկայացման փաստի:

Առարկայական եւ ենթակայական այս կացության պարագայում նման միտումներով եւ ժողովրդագրական նման պայմաններում գտնվող երկիրը չի կարող երկար ապրել:

Հայաստանի առկա իրավիճակը ծնող համակարգն ու այն մշտապես սնուցող մարդկանց խումբը Հայաստանն ու հայությունը առաջնորդում են դեպի մահ: Այս վիճակը շարունակելու պարագայում նրանք կդառնան Հայաստանի ու հայ ազգի դահիճները:

Սա ամբոխավարական հայտարարություն չէ, ոչ էլ հռետորական կամ զգացմունքային զեղում, այլ բանականության եւ առարկայական դիտարկման վրա հենված եզրակացություն:

Եթե հայ ժողովուրդն ուզում է չմահանալ, պարտավոր է անհապաղ ձերբազատվել այս համակարգից եւ ստեղծել բովանդակ ժողովրդի կարիքները բավարարելու սկզբունքի վրա հիմնված նորը: Սա անհետաձգելի հրամայական է, որպեսզի, ինչպես Մոնթե Մելքոնյանն անգլերեն լեզվի մի սպանիչ բառախաղով զգուշացրել էր 1987-ին, մեր երկրի «անկախությունը»` ինքնորոշման (self-determination) փոխարեն մեզ ինքնաոչնչացման (self-termination) չառաջնորդի:

շարունակելի

Տես նաև՝

ՆԱԽԱՄԱՇՏՈՑՅԱՆ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ - մաս 2

Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարի հրավերքով Ֆրանսիա ժամանեց պատմաբան Արտակ Մովսիսյանը։ Փարիզ և Մարսել քաղաքներում տեղի ունեցան դասախոսություններ, որի տեսագրության 2-րդ մասը ներկայացնում ենք ձեզ։

lundi 19 juillet 2010

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ, ԲԱՐԵՊԱՇՏ ՏԻՐԱԿԱԼ

Այս շարժանկարը նվիրվում է Տիգրան Մեծ, Հայոց Տերության Բարեպաշտ Տիրակալի ծննդյան 2150-ամյակին։

Tigran The Great and the armenian empire.

DANS LE CADRE DU 2150èmeANNIVERSAIRE DE DIKRAN LE GRAND

Projection du film

« Dikran Le Grand : le Protecteur des Hays »





Հեղինակ՝ ԱՐՏԱԿ ՄԵՎՍԻՍՅԱՆ

ՆԱԽԱՄԱՇՏՈՑՅԱՆ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ - մաս 1

Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարի հրավերքով Ֆրանսիա ժամանեց պատմաբան Արտակ Մովսիսյանը։ Փարիզ և Մարսել քաղաքներում տեղի ունեցան դասախոսություններ, որի տեսագրությունը ներկայացնում ենք ձեզ։

samedi 17 juillet 2010

ԱՀՀՀ-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԲՆԻԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ III ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

2007 թվականի սեպտեմբերի 13-ին ՄԱԿ-ն ընդունեց ''Հռչակագիր բնիկ ժողովուրդների իրավունքների մասին'', որը դժբախտաբար, շարունակում է գրեթե անծանոթ մնալ հայ իրականությանը: Միակ հայկական կազմակերպությունը, որն արձագանքեց Հռչակագրին և գրանցվեց ՄԱԿ-ում, ''Արևմտյան Հայաստանի հայերի համագումարն'' էր:

2009 օգոստոսին տեղի ունեցավ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքներին նվիրված II նստաշրջանը, որին մասնակցեց ''Արևմտյան Հայաստանի հայերի համագումարի'' ղեկավար Արմենակ Աբրահամյանը` ներկայացնելով Արևմտյան Հայաստանի հայության` իբրև բնիկ ժողովրդի շահերը:

Այս տարի հուլիսի 12-16-ին Ժնևում տեղի ունեցավ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքներին նվիրված III նստաշրջանը, որին ''Արևմտյան Հայաստանի հայերի համագումարը'' մասնակցեց ավելի մեծ կազմով` Արմենակ Աբրահամյանը (ղեկավար) և կազմակերպության հինգ անդամներ: Պատվիրակության կազմում որպես պատմաբան-փորձագետ ընդգրկված էր Երևանի պետական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արտակ Մովսիսյանը:

Պատվիրակությունը նստաշրջանին ներկայացրեց փաստաթղթերի հետևյալ փաթեթը`

1. ''Հայ ժողովրդի ծագման մասին'',

2. ''Արևմտյան Հայաստանի պատմական հուշարձանների ոչնչացումը և գույքի բռնագրավումը'',

3. ''Հայոց ցեղասպանությունը. փաստաթղթեր և պայմանագրե'',

4. ''Արևմտյան Հայաստանի գենետիկ ռեսուրսները'':

Նստաշրջանի առաջին օրը ելույթ ունեցավ ''Արևմտյան Հայաստանի հայերի համագումարի'' ղեկավար Արմենակ Աբրահամյանը` հատուկ անդրադառնալով բնիկ ժողովուրդների և պետությունների հարաբերությունների խնդրին, որը նստաշրջանի առանցքային հարցերից էր: Ելույթում ներկայացված հարցերի մեջ նշվեցին նաև Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի հայկական հուշարձանների ոչնչացման փաստերը:

Նույն օրը երեկոյան ''Արևմտյան Հայաստանի հայերի համագումարի'' պատվիրակությունը հյուրընկալվեց Շվեցարիայում ՀՀ դեսպանատանը, որտեղ քննարկվեցին համազգային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:

Նստաշրջանի երկրորդ օրը հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների իրավունքների հարցերով հատուկ զեկուցող Ջեյմս Աննայայի հետ` ներկայացնելով հայկական խնդիրները: Նույն օրը երեկոյան պատվիրակությունը հնարավորություն ունեցավ նստաշրջանի ավելի քան 300 պատվիրակներին ներկայացնելու հայկական ազգային երաժշտությունը, երգն ու պարը: Հայկական դուդուկի մեղեդիով ներկաներին հիացրեց մարսելաբնակ երիտասարդ Հայկ Գուտչյանը, որին հետևեցին հայկական երգերն ու պարերը:

Հաջորդ օրը պատվիրակությունը հանդիպում ունեցավ Շվեցարիայի հայ համայնքի ղեկավար ներկայացուցիչների հետ, որոնք այդ հատուկ այդ նպատակով Բեռնից ժամանել էին Ժնև:

Պատվիրակությունը գործուն մասնակցություն ունեցավ նստաշրջանի բոլոր աշխատանքներին` ներկայացնելով երկու առաջարկություն, որոնցից մեկի հեղինակը Արտակ Մովսիսյանն էր, երկրորդինը` Արմենակ Աբրահամյանը: Առաջինում առաջարկվում էր ստեղծել ՄԱԿ-ի անկախ փորձագետների հատուկ հանձնաժողով, որը պետք է քննարկեր բռնի տեղահանված բնիկ ժողովուրդների խնդիրները և միջնորդ առաքելություն ստանձներ այդ ժողովուրդների ու նրանց տարածքը զբաղեցնող պետությունների միջև: Երկրորդ առաջարկում արծարծվում էին բռնի տեղահանված բնիկ ժողովուրդների վերադարձի խնդիրները և դրանց մանրամասները:



vendredi 16 juillet 2010

ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՄԱԿ-ԻՑ - ՄԱՍ 2

Հարցազրույց ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների հանձնախմբի աշխատանքներին մասնակցող` պատմաբան Արտակ Մովսիսյանի և ԱՀՀՀ-ի ներկայացուցիչ Արմենակ Աբրահամյանի հետ. 14 հուլիսի 2010:

jeudi 15 juillet 2010

Ուղիղ կապ ՄԱԿ-ի ժենեվի գրասենյակից

Արևմտյան Հայաստանի Հայերի Համագումարի ներկայացուցիչ Արմենակ Աբրահամյանը և պատմաբան Արտակ Մովսիսյանը մասնակցում են ՄԱԿ-ի հանձնաժողովի նիստերին։
14 հուլիսի 2010: Հաղորդավար` Ստեփան Քիրեմիդջյան:






http://www.louysworld.com/2010/07/15/ուղիղ-կապ-մակ-ի-ժենեվի-գրասենյակից/

mercredi 7 juillet 2010

ԱՐՑԱԽՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Վերհիշենք Արցախյան պայքարի դրվագները «Հայոց պատմության էջեր» հաղորդաշարից։
Հեղինակ Արտակ Մովսիսյան։

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄՆԵՐ ՄԱՍ 2

Հաղորդման հիւրը ներկայացնում է յետխորհրդային շրջանի պատմութեան դասագրքերում վրացի եւ ադրբեջանցի «պատմաշինարարների» գործունէութիւնը:
Հիւր՝ Աշոտ Մելքոնեան


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԻՄՎՈԼԻԿԱՅԻ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ ՀԱՍԱՐԱԿ ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ


Ազատություն ռադիոկայանի կայքի խմբագրություն,

Այսօր 07.07.2010 ձեր կայքում հրապարակված «Բախումներ ադրբեջանական քաղաքում»՝
(http://www.azatutyun.am/content/article/2093004.html) հոդվածը
բացելով, բացի Թարթառ քաղաքի բնակիչների մասին քրեական լրատվությունից
աչք է զարնում նաև ձեր կայքի մասնագետների տեղադրած ադրբեջանական դրոշի800px X 520px ծածանվող նկարը։

Նախ իմ անձնական կարծիքով վերջին դեպքերից հետո, երբ թշնամական
գործողություններից հետո մենք ունեցանք 6 հայ մարտիկների կորուոտ այս
ադրբեջանական քարոզչական սիմվոլիկաների հրապարակումն, ինչպիսին ծածանվող
դրոշն է, համարում եմ հայ ընկած զինվորների հիշատակին ուղղակի անարգանք։
Պահանջում եմ մեր զինվորների հայուրավոր ազգականների անունից շուտափույտկերպով հեռացնել այդ լրատվությանը համեմված ադրբեջանական դրոշակը ևտեղադրել Թարթառ քաղաքի ծավալանկար, որ անպայմանորեն կգտնեք ձեր
գործընկեր ադրբեջանական ծառայության բազաներում։
Մ.ՇԱՀԲԱԶՅԱՆ

Հ.Գ.
Կարող եմ միայն ողջունել այս ռադիոկայանի աշխատակիցներին, որոնք շատ շուտ արձագանքեցին և Երևանի ժամով 15-ի սահմաններում փոխարինեցին նախկին նկարը՝ ավելի
չեզոք նկարով։

mardi 6 juillet 2010

«ԻՄ ՀՈՒՇԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

Երվանդ Կյուրեղյանի «Իմ հուշերի ճանապարհով» գրքի շնորհանդեսը Երևանում

lundi 5 juillet 2010

Ժողովրդագրական համաղետը, տիրող համակարգը եւ Հայաստանի լինելության խնդիրը – 3


II. Տիրող Համակարգը

Հայաստանում եւ սփյուռքում ժողովրդագրական ներկա իրավիճակն ու միտումները չափազանց սեւ եւ հոռետեսության մղող գույներով են ներկայանում: Այս պատկերը շատերի մոտ հուսալքության եւ անկման հոգեվիճակներ կարող է առաջացնել: Դա թեեւ հասկանալի, բայց մինչեւ վերջ չհիմնավորված հակազդեցություն է:

Իրավիճակը երբեք անհուսալի եւ անելանելի չէ: Այն այդպիսին կդառնա միայն այն պարագայում, երբ բոլոր հանձնառու, գիտակից եւ ոչ անտարբեր հայերը, Հայաստանում թե սփյուռքում, չսթափվեն, չզգոնանան ու իրենց բոլոր ուժերը զորաշարժի չենթարկեն առկա միտումների փոփոխության հստակ նպատակով:

Իսկ ուժերի լարման ու սպառնացող վտանգների հաջողությամբ չեզոքացման անհրաժեշտ առաջին պայմանը նախ դառն իրականությունը նվազագույն զգացմունքայնությամբ առարկայականորեն գիտակցելն է:

Ներկա փուլում դառն իրականությունը տեսնելուց գիտակցաբար կամ անգիտակցաբար խուսափելը կհանգեցնի այդ չափազանց վտանգավոր միտումների անխափան շարունակմանը:

Բացի իրականությունն իմացող, բայց շահադիտական պատճառներով այն չտեսնել ձեւացնող մի փոքրամասնությունից, բոլորի համար պարզ է, որ երկրի ու ժողովրդի դիմագրաված գրեթե բոլոր խնդիրների, ներառյալ ժողովրդագրական շարունակվող մահացու աղետի հիմնական պատճառը երկրում հաստատված համակարգն է` ի դեմս այն ստեղծած եւ շարունակ նրա վերարտադրությունը սնուցող մարդկանց ու նրանց խմբավորումների:

Այս իրողությունը, պարզ լինելով հանդերձ, անհրաժեշտ հիմնավորման կարիք ունի. պետք է փորձել այդ համակարգը ախտորոշել ու վեր հանել դրա բաղադրիչների ներքին փոխկապակցվածությունը: Սա անհրաժեշտ է նաեւ այլընտրանք չունեցող ու անհետաձգելի նոր համակարգի հիմնադրույթների հիմնավորման առումով:

1. Համակարգի էությունը

Հայաստանում տիրող իրավիճակը պարզ է բոլորի համար: Այնուամենայնիվ, կարող են տարբերվել այդ իրավիճակը ծնող համակարգի, վերջինիս էության, գործելաձեւի ու ներքին տրամաբանության ու մեխանիզմների գնահատման, ինչպես նաեւ ընդհանրապես առկա առարկայական իրականության վերլուծության ձեւերը:

Ներկա համակարգի էությունը բաղկացած է երկու բաղադրիչներից: Առաջին բաղադրիչը մի խումբ մարդկանց կողմից երկրում առկա համարյա բոլոր պաշարները (ռեսուրսները) եւ նոր հարստություն ստեղծելու քիչ թե շատ նշանակալից բոլոր միջոցներն իրենց ձեռքերում կենտրոնացնելու, ինչպես նաեւ աշխատավոր դասի մեծամասնության անխնա շահագործման իրողությունն է:

Այս մարդկանց ու նրանց խմբավորումների նպատակն, իհարկե, այլ բան չէ, քան իրենց ընչաքաղցությանը հագուրդ տալն ու նյութական ունեցվածքը անընդհատ բազմացնելու անհագ ցանկությունը:

Այս նպատակն իրականացվում է ոչ միայն ի հաշիվ ժողովրդի ջախջախիչ մեծամասնության բարօրության, այլ նաեւ նրա մի զգալի հատվածի նույնիսկ ֆիզիկական տարրական վերարտադրության պայմանների ապահովման, հանգամանքներ, որոնք կործանարար հետեւանքներ են ունենում երկրի համար:

Համակարգի էության երկրորդ բաղադրիչը առաջինի իրականացումը տեւականորեն երաշխավորելու նպատակով քաղաքական եւ ուժային լծակները նույն խմբի ձեռքերում կենտրոնացնելն է:

Ինչպես երեւում է, իրականում այս բաղադրիչն ածանցյալ է առաջինից. եթե չլիներ տնտեսական միջոցների վրա մենաշնորհը պահելու անհրաժեշտությունը, չէր լինի նաեւ ուժային եւ քաղաքական լծակների մենաշնորհի ապահովման անհրաժեշտությունը: Բայց առաջինը չի կարող հարատեւել եւ նույնիսկ գոյություն ունենալ առանց վերջինի:

Հետեւաբար, քաղաքական եւ ուժային մենաշնորհների պահպանումը նույնքան էական է համակարգի համար, որքան տնտեսականը:

Համակարգի մնացյալ բաղադրիչները` արտաքին քաղաքական կողմնորոշումներ, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում վարվող քաղաքականություն, նույնիսկ Արցախի ու Թուրքիայի, սփյուռքի հետ հարաբերությունների կողմնորոշումներն ածանցյալ են համակարգի էությունը հանդիսացող բաղադրիչներից:

Այլ երեւույթներ, ինչպես տիրապետող արժեհամակարգը եւ բարոյահոգեբանական տիրող մթնոլորտը, մասամբ միտումնավոր ձեւով են ստեղծված, մասամբ ընդհանուր համակարգի հետեւանքային տրամաբանական արգասիքն են:

2. Համակարգի ծնունդն ու սկիզբը

Արդյո՞ք Հայաստանի ներկա կործանարար համակարգը 1998 կամ 2000 թվականին նոր է միայն կազմավորվել: Արդյո՞ք առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դավանած գաղափարախոսության եւ նախագահական գործնական փորձի վրա հիմնված մի նոր իշխանություն կարող է դարման հանդիսանալ երկրի առջեւ ծառացած խնդիրներին:

Այս հարցերի պատասխանի անհրաժեշտությունը միայն մեր նորագույն պատմությունը ճիշտ մեկնաբանելու ու գնահատելու թելադրանքներից չի բխում:

Ներկա համակարգի փոփոխությունը անիմաստ եւ թանկ ժամանակի կորուստ կլինի, եթե նոր համակարգը ձերբազատված չլինի նրա բոլոր ախտերից եւ չհամապատասխանի երկրի ու ժողովրդի առողջ գոյության համար անհրաժեշտ բոլոր պայմաններին:

Վերոնշյալ երկու հարցերի պատասխանն էլ միանշանակ բացասական է: Ներկա համակարգի ոչ միայն հիմքերը, այլ նաեւ հիմնասյուներից մի քանիսը դրվել ու բարձրացվել են 1992-1998 թթ.:

Համակարգի էությունը կազմող` երկրի տնտեսական, քաղաքական եւ ուժային լծակների կենտրոնացման ու մենաշնորհացման գործընթացը սկսվել եւ մասամբ ավարտվել է այդ ժամանակաշրջանում:

1990-ականների սկզբներին, մի կողմից` իր ներսում խորացող ճգնաժամից ելք որոնելու, մյուս կողմից` ԽՍՀՄ-ի ընթացքի մեջ գտնվող փլուզման հետեւանքով բացվող նոր շուկաներից օգտվելու նպատակներով, համաշխարհային դրամատիրական համակարգի վերնախավը «կատարելագործեց» ու երկրագնդի մասշտաբով ի գործ դրեց տարիներ առաջ առաջադրված «նոր-ազատականության» տեսությունն ու գաղափարախոսությունը, որին այն ժամանակ տրվեց նաեւ «Վաշինգտոնյան կոնսենսուս» անվանումը:

Այս վերջինը բոլոր երկրներից պահանջում էր արտաքին առեւտրի ազատականացում, ներմուծումների վրա արգելքների վերացում, պետական ձեռնարկությունների սեփականաշնորհում մասնավոր սեկտորին, տնտեսական գործառնությունների եւ ձեռնարկությունների գործունեության կարգավորման կանոնների թեթեւացում կամ վերացում, ֆիսկալ քաղաքականության «կարգապահություն», այնպես, որ բյուջետային ծախսերը չգերազանցեն եկամուտները, հանրային ծախսերի կրճատում եւ դրանց ուղղում սուբսիդիաներից դեպի այլ ծառայություններ, ինչպես` (իբր) նախնական կրթություն եւ նախնական առողջապահություն (իրականում ինչպես պրակտիկան ցույց տվեց, դա պետության սոցիալական պատասխանատվություններից ետ կանգնելու հանձնարարություն էր), հարկային բազայի ընդլայնում եւ այլն:

Հայաստանի նոր իշխանությունները սիրահոժար ընդունեցին այս հանձնարարությունները, որոնք, ինչպես շատերն այն ժամանակ իսկ համոզված էին եւ ընթացքում ապացուցվեց, այլ նպատակ չունեին, քան ի հաշիվ ժողովուրդների մեծամասնության բարօրության` դրամագլխի առջեւ լայնորեն բացել առավելագույն շահույթ ապահովելու հնարավորությունները:

Հայաստանի տնտեսական նոր քաղաքականությունը մշակողներն ու կիրառողները ջերմեռանդ ջատագովներն էին տնտեսական ազատականության, «ազատ շուկայի», պետության դերի չեզոքացման ու «կենսունակ» մասնավոր սեկտորի ու գործարարների խավի առաջացման:

Նրանք մի քանի փուլերով մասնավորեցրին հանրային-պետական ունեցվածքի մեծագույն մասը: Վերջին` «վաուչերային» սեփականաշնորհման փուլը «ամենակատարյալն» էր, երբ հատկապես խորհրդային, բայց նաեւ հետանկախության առաջին երկու-երեք տարիներին անազնիվ միջոցներով փող կուտակած մարդիկ փոքր գումարներով յուրացրին ազգային տնտեսության միջոցների մեծագույն մասը:

Նոր իշխանությունների որոշ ներկայացուցիչների եւ հին վարչակարգի «հաջողակ» ու ճարպիկ տնօրենների ու «ցեխավիկների» խավի միջեւ, փաստորեն, կնքվել էր անգիր դաշինք, որի արդյունքում եւ առաջացան մենաշնորհի ձգտող եւ այդ ժամանակվա պայմաններում այդ ձգտումը առավելագույնս իրականացրած փոքրաթիվ խմբերը:

Իրականում, Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում տիրող պայմանները, որքան էլ որ դժվարին լինեին, հնարավորություն տալիս էին օգտագործել առկա պաշարները, ստեղծել նորերը եւ այդ ամենը ծառայեցնել բովանդակ ժողովրդի կարիքներին` ստեղծելով ցանկալի եւ գրավիչ երկիր ունենալու նախադրյալներ:

Բայց նման հանգուցալուծումը բացառում էր առանձնաշնորհյալ խավի առաջացումը: Առկա պաշարներն ու հնարավորություններն անմիջապես յուրացվեցին մի խումբ մարդկանց կողմից:

Այս իրողությունը ժողովրդի մի շատ մեծ հատվածի զրկեց իր երկրում թեկուզ եւ համեստ պայմաններում ապրելու իրավունքից ու հնարավորությունից, ինչն այլ կերպ չէր կարող դրսեւորվել, քան մեծ թվով քաղաքացիների արտագաղթով:

Երեւի թե ոչ ոք վարվող տնտեսական քաղաքականության միտումներն ու նպատակներն այնքան ճշգրիտ չի վերլուծել եւ սպասվող հետեւանքները կանխատեսել, որքան Միքայել Քոթանյանը (որը դառնալու էր 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկը):

Դեռ 1993-ի սկզբներին, երբ վարվող քաղաքականությունն իր սկզբնական փուլում էր, եւ միայն փոքրաթիվ օբյեեկտներ էին մասնավորեցվել, իսկ հիմնականը դեռ առջեւում էր, տաղանդավոր տնտեսագետը մատնանշումներ ու կանխատեսումներ էր կատարում, որոնք նախապես ներկայացնում էին եւ 90-ականների, եւ թե անցնող տասնամյակի իրական պատկերը:

Նշելով, որ ըստ տնտեսական ոլորտի ղեկավարների` անխուսափելի զոհաբերություններ են պետք «երանելի շուկայական տնտեսության» հասնելու համար, նա շարունակում է. «…այդ զոհաբերության կրողները տրամաբանորեն կլինեն արդեն ունեզրկված հասարակության լայն զանգվածները, իսկ ապապետականացման եւ սեփականաշնորհման միջոցով պետական ողջ ունեցվածքը (…)[տնտեսական քաղաքականության ղեկավարների] մշակած տեսությամբ եւ մեխանիզմով, գերակշռող մասով կդառնա հասարակության այն խավի սեփականությունը, որն այսօր դարձել է դրամատիրական կապիտալի տեր` խտրականություն չդնելով այն վաստակելու ձեւերի միջեւ: (…) Ձեռնարկված պետական միջոցները այդ սպեկուլյատիվ կապիտալի անսահմանափակ տնօրինությունն են հաստատում: (…) Այսօր, երբ մեր անկախ հանրապետության տնտեսությունը շեշտակի անկում է ապրում, բանկային կապիտալը արդյունաբերության ինվեստիցիաների ֆունկցիա, ըստ էության, չի իրականացնում:

Զրկված սեփական վարկային ռեսուրսներից` այն հիմնականում զբաղված է վաշխառուական, բարձր տոկոսներով, սպեկուլյատիվ բնույթի առեւտրային գործարքներ վարկավորելով: Այդ մեծ տոկոսների փոխհատուցումը, վերջին հաշվով, ապահովվում է բնակչությանը վաճառվող ապրանքների գները մեխանիկորեն բարձրացնելով:

Մեզանում, փաստորեն, փոխատվական կապիտալը, ի հաշիվ վարկային սպեկուլյատիվ տոկոսների, դառնում է դրամական կապիտալի մեծ գումարի սեփականատեր, իսկ դրանց տերերը, ըստ իրենց կապիտալի չափի, սեփականաշնորհման օրենքով կդառնան երկրի ունեցվածքի սեփականատերերը: (…) [այս] ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կունենա այնքան սեփականություն, ինչքան հասցրել է փող կուտակել:

Իսկ փող կուտակողները ոչ թե երկար ու ձիգ տարիներ անբասիր աշխատող քաղաքացիներն են, այլ մեր օրերի մաֆիոզ խմբերը, մեծ մասշտաբի առեւտրական սպեկուլյատիվ գործարք կատարողները, ժամանակակից «բանկիրները», ինչպես նաեւ սրանց տարբեր խմբավորումները, որոնք սերտաճել են պետական ապարատի, պառլամենտական տարբեր խմբերի, իրավապահպան, շրջանային եւ քաղաքային տարբեր մարմինների հետ: (…) Դեֆիցիտային տնտեսության մեջ սեփականաշնորհումը ոչ թե շուկայական տնտեսություն է ձեւավորելու, այլ մոնոպոլիաներ ու մաֆիոզ խմբեր, որոնց նպատակը մեր երկրի, մեր տնտեսության զարգացումն ու մրցակցային պայքարը չէ ամենեւին, այլ արհեստականորեն դեֆիցիտը մեծացնելն ու գները բարձրացնելը»:
(«Մեր երկրից չսկսվող ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանի», Միքայել Քոթանյան, «Դրօշակ», 7 ապրիլի, 1993): Ասված է ամեն ինչ:

Նախկին վարչապետ եւ ներկայիս իշխանություների արդարացիորեն սուր քննադատ Հրանտ Բագրատյանը սիրում է ասել, որ օլիգարխիան այս իշխանությունների օրոք առաջացած երեւույթ է, թե ներկայումս քառասուն ընտանիքներ վերահսկում են երկրի ՀՆԱ-ի 52 տոկոսը, թե իրենց իշխանության օրոք եղել է ընդամենը մեկ օլիգարխ, որն էլ վերահսկել է տնտեսության ընդամենը 0,6 տոկոսը:

Նախ պետք է ասել, որ այդ 0,6 տոկոսը եւս մեկ ընտանիքի համար մեծ թիվ է ներկայացնում: Բայց ավելի կարեւորն այն է, որ քառասուն ընտանիք այն ժամանակ չէին էլ կարող տնտեսության ավելի քան 50 տոկոսին տեր դառնալ:

Տնտեսության կենտրոնացումն ու մենաշնորհացումը զարգացող գործընթացներ են եւ մի օրից մյուսը իրենց ավարտին չեն հասնում: Այստեղ կարեւորն այն է, որ այդ գործընթացների հիմքերը դրվեցին 90-ականների իշխանության օրոք: Վերջին հաշվով, սամվելալեքսանյանները, գագիկծառուկյաններն ու ներկայի շատ ուրիշ օլիգարխներ 1998 կամ 2000 թվականին ինքնաբերաբար, դատարկությունից չեն առաջացել:

Հ. Բագրատյանը ներկա իշխանություններին նաեւ խստորեն քննադատում է գյուղատնտեսության խղճալի վիճակի առնչությհամբ: Այո. ներկա իշխանությունների հանցավոր քաղաքականության պատճառով գյուղատնտեսությունն ու գյուղացիությունը գտնվում են աղետալի վիճակում, որը երկրի համար տարբեր առումներով ամենավտանգավոր հետեւանքներով է հղի:

Բայց ո՞վ չի իմանում, որ գյուղացիության ներկա իրավիճակի արմատները եւս պետք է փնտրել բագրատյանական տարիներին: Ո՞վ չի հիշում գյուղացիության մեջ մեծ տարածում գտած «Ոչ թե հողը հանձնեցին գյուղացուն, այլ գյուղացուն հանձնեցին հողին» ասույթը: Հողի չմտածված սեփականաշնորհումը չուշացավ իր բացասական արդյունքներով: 1986-ի համեմատ 1997-ին գյուղատնտեսական արտադրության ընդհանուր ծավալները եւ մեկ հեկտարից ստացված բերքը մեծ չափերով նվազել էին:

Ստվերային տնտեսությունը, որը մեծ մասամբ երկրի խոշոր դրամագլխի «ձեռքի գործն է», շատ բարձր տոկոս է ներկայացնում այսօր, ինչպիսին ներկայացրել է նախորդ իշխանությունների օրոք:

Վերջապես, հիշյալ համակարգի հաստատման փաստով պետք է բացատրել այդ իշխանությունների արցախյան քաղաքականությունը:

Հետզհետե ավելի կենտրոնացվող եւ մենաշնորհացվող տնտեսությունն անձեռնմխելի դարձնելու համար նույն տարիներին մենաշնորհվեցին նաեւ քաղաքական եւ ուժային ոլորտները: Դա իրագործվեց 1995 թ. պատգամավորական եւ 1996 թ. նախագահական ընտրությունների ժամանակ:

Համակարգը, թեկուզ նորաթուխ վիճակում, արդեն կազմավորվել էր: Այն, ինչ կատարվեց 1998-ին եւ 2000-ին, կազմավորված համակարգի «վերնա-վերնախավի» փոփոխություն էր:

2010/07/05 | 14:24 ]

http://hetq.am/am/society/hayastan-6/


շարունակելի

Տես նաև՝

samedi 3 juillet 2010

DANS LE CADRE DU 2150ème ANNIVERSAIRE - PARIS - MARSEILLE

DANS LE CADRE DU 2150ème ANNIVERSAIRE

DE DIKRAN LE GRAND

LE CONSEIL NATIONAL ARMENIEN

ORGANISE UNE CONFERENCE-DEBAT

AVEC LA PARTICIPATION DE

MONSIEUR ARTAK MOVSISYAN

HISTORIEN
LE MERCREDI 7 JUILLET 2010

À partir de 17h00 précises

Sur le thème :

DIKRAN LE GRAND & L'HISTOIRE DE

L'ÉCRITURE ARMENIENNE AVANT MESROP MACHTOTS

Projection du film

« Dikran Le Grand : le Protecteur des Hays »

A LA MAISON DES ASSOCIATIONS DU 12ème

Salle des Conférences

181, avenue Daumesnil Paris

Métro : Daumesnil

ENTREE LIBRE


et

LE JEUDI 8 JUILLET 2010

À partir de 18h30 précises

Sur le thème :

DIKRAN LE GRAND & L'HISTOIRE DE

L'ECRITURE ARMENIENNE AVANT MESROP MACHTOTS

Projection du film

« Dikran Le Grand : le protecteur des Hays »


A LA CITE DES ASSOCIATIONS

Cité des associations
93 La Canebière, 13001 Marseille

ENTREE LIBRE

POUR TOUS RENSEIGNEMENTS VEUILLEZ CONTACTER :

Le 06.99.88.45.45
craao13@gmail.com

http://www.western-armenia.eu/news/index.htm

http://www.western-armenia.eu/news/Actualite/2010/DANS-LE-CADRE-DU-2150eme-ANNIVERSAIRE-DE-DIGRAN-LE-GRAND-MARSEILLE.pdf

FÊTE CHAMPÊTRE ARMENIENNE


FETE CHAMPÊTRE ARMENIENNE

L'ORGANISATION DES HAÏ ARI – HAÏ ARINOUCH

Scouts Arméniens

Organise

UNE FETE CHAMPÊTRE

LE DIMANCHE 4 JUILLET 2010 à partir de 11h30

AU DOMAINE DES HAÏ ARI - HAÏ ARINOUCH

Route de Vitrolles

84240 - LA BASTIDE DES JOURDANS

A 20 mn d'Aix en Provence

Dégustation de spécialités arméniennes – Khorovadz – sur place

http://www.western-armenia.eu/news/index.htm

http://www.western-armenia.eu/news/Actualite/2010/FETE-CHAMPETRE-ARMENIENNE-04.07.2010.pdf

Venez nombreux et diffuser l'information, svp !



vendredi 2 juillet 2010

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄՆԵՐ ՄԱՍ 1

«Ակունք» Ծրագիր
Ինչպէ՞ս պահպանենք մեր ազգային դիմագիծն այս օրերում, երբ տեղեկատւութեան ու գաղափարների անընդհատ տարափը յաճախ սպառնում է զրկել մեզ մեր ինքնութիւնից: Ինչպէ՞ս կարող են հայերը վճռականoրէն դիմակայել ներկայ աշխարհաքաղաքական մարտահրաւէրներին: Իբրեւ միջոց՝ առաջարկում ենք խորացնել ձեր գիտելիքները հայոց պատմութեան, մեր ժառանգութեան, լեզուի, աւանդոյթների եւ արժէքների մասին՝ ունկնդրելով «Ակունք» ռադիոհանդէսը:
Հեղինակ` Յասմիկ Գուլակեան



Հաղորդման հիւրը ներկայացնում է յետխորհրդային շրջանի պատմութեան դասագրքերում վրացի եւ ադրբեջանցի «պատմաշինարարների» գործունէութիւնը:
Հիւր՝ Աշոտ Մելքոնեան

jeudi 1 juillet 2010

ԴԻՎԵՐՍԻԱՆԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՄԻ ՁԵՎ ԵՎՍ

1969 թվականին Դամանսկի կոչվող կղզյակի վրա տեղի ունեցավ չտեսնված կատաղության խորհրդա-չինական ընդհարում։
Խորհրդային կողմը տվեղ 59 զոհ, չինականը՝ մի քանի հազար։
Այս ընդհարման ժամանակ ընկած խիզախ խորհրդային 4 զինվորականի հետմահու տրվեց ԽՍՀՄ հերոսի կոչում։ Այդ օրերին խորհրդային միության ամբողջ հասարակությունը լարված ու հայրենասիրական մեծ ոգևորությամբ հետևում էր այս իրադարձությանը։
Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությանը մտածել մեր հասարակության բարոյահոգեբանական ներկա ցավալի վիճակի շուրջ։ Իմ կարծիքով պետք է ձեռնարկել որոշակի միջոցառումներ բարձրացնելու հայրենասիրության մակարդակը, պետական քարոզչական մեքենան ընդիմադիրներին հալածելու փոխարեն պետք է հայրենապաշտության տարածման գործին լծվի, որպեսզի հայ հասարակությունն իր հերթին հայրենքի զինվորին հզոր նեցուկ դառնա։ Ցանկացած լրատվամիջոց պետք է պետական պատվերի շրջանակում հրապարակի հայկական պատմական, աշխարհագրական և ազգային գաղափարաբանական նյութեր՝ պայքարելով անհայրենասեր ու շահամոլ աշխարհահայացքի դեմ։