vendredi 24 septembre 2010

Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատում


Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը ՙՍարդարապատ՚ շարժման նախաձեռնող խմբի կողմից ՙՀայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը՚ թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը։

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

Հարգելի մասնակիցներ:

Այսօր մենք հավաքվել ենք այստեղ քննարկելու հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակը և փորձելու ենք նշել այն ելքերը, որոնք թույլ կտան որակապես և կտրուկ կերպով փոխել իրավիճակը, երկրում հաստատելով ժողովրդի իշխանություն:

Հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին կարևորվել են և առանցքային են եղել մտքի մարդկանց խոսքն ու խորհուրդը, և այժմ նույնպես մեր երկրի ներկայի և ապագայի համար կարիք կա խելք-խելքի տալու, քննարկելու ստեղծված իրավիճակը և առաջարկելու ուղիներ:

Ի վերջո, անհրաժեշտ է պարզել, թե ի±նչ կատարվեց հայ հասարակության հետ, ինչպես պատահեց, որ 1988-94 թթ. հանդես բերելով ոգու և կամքի փայլուն դրսևորումներ, այժմ չենք ճանաչում ինքներս մեզ, մեր երկիրը, քաղաքը և ժողովրդին:

Իսկապես, մենք փոխվել ենք: Այն հասարակությունը, որն ընդվզեց 1988-ին և վերստեղծեց հայոց պետականությունը, այլևս չկա: Ժողովուրդը նույն է, իսկ հասարակությունը ոչ:

Կատարեմ մի փոքր անդրադարձ մեր ոչ վաղ անցյալից. 80-ականների վերջին Հայաստանում ապրում էր մի հասարակություն, որն ուներ այն, ինչ կարելի է անվանել միջին խավ: Հասարակության 70-80 տոկոսը իր եկամուտներով, կենցաղով, հայեցակարգով ուներ քաղաքակրթական, աշխարհայացքային և քաղաքական ընդհանրություն, իսկ կուսակցական նոմենկլատուրան և լյումպենը, պարզ ասած` քրեական տարրերը դոմինանտ դեր չէին խաղում հասարակության մեջ: Ոչ խորհրդային պաշտոնական գաղափարաբանությունը, և ոչ էլ քրեականների աշխարհընկալումը դոմինանտ չէին, այլ հակառակը` ժողովրդի կմախքը կազմող մեծամասնությունը պարտադրում էր ապրելաձևի իր կանոնները, մշակութային ճաշակը, ազգային էթիկան և էսթետիկան: Կարևոր չէր, թե ինչպիսին էր այն, յուրահատկություններով և թերություններով հանդերձ, կարևորն այն էր, որ դա քրեական, այսինքն` ապադասակարգայնացված տարրերի մշակույթ չէր, իսկ պաշտոնական կոմունիստական քարոզչությունը այդ ընթացքում նպատակային չէր և վերածվել էր ձևականության և խորքային իմաստներ չէր հետապնդում:

Բացի այդ, մեր հասարակությունը իր բոլոր առանձնահատկություններով և բացառություններով, այնուամենայնիվ, կայսրության պրոյեկտ էր, կայսրությանը յուրահատուկ կրթական, ընդհանուր մշակութային, աշխարհայացքային շեշտադրումներով:

Այդ հասարակությունը հաղթեց պատերազմում, վերստեղծեց պետականություն: Հետագայում տնտեսական ճգնաժամը, երկրի դեինդուստրիալիզացիան և զանգվածային արտագաղթը աստիճանաբար սպանում էին այդ հասարակությանը, որի մեջ կատարվեցին անդառնալի համակարգային և որակական փոփոխություններ, ինչը կարելի է բնութագրել որպես դեսոցիալիզացիա: Բնակչությունը կորցրել է իր միջին խավին, դասական արտադրող-աշխատող մարդկանց փոխարինեցին ծառայություններ մատուցող և թույլ սոցիալական կապեր ունեցող մարդիկ: Այդ ընթացքում խախտվեց սոցիալական կառուցվածքի համամասնությունները, ինչպես նաև սոցիալական բուրգի հիերարխիան: Երկրում անմիջականորեն արտադրության ոլորտում աշխատող մարդկանց քանակն ընդհանրապես նվազեց, իսկ պետական ապարատում ներգրավված կամ ապարատից կախվածություն ունեցող զանգվածն էլ հենց համարվեց ներկայիս ՙմիջին խավը՚:

Ցավոք սրտի, բարեփոխումների շրջանում չընկալվեց, որ տնտեսական բարեփոխումների հիմքը, ինչպես նաև յուրաքանչյուր մարդկային համակեցության ձևի հիմքը բարոյական նորմերն են, էթիկան, ի վերջո հասարակությունը, սոցիումը: Սոցիումը ավելի կարևոր է, քան նույնիսկ տնտեսական աճը, առավել քան քսան կամ քառասուն մեծահարուստների ընտանիքները: Կորցնելով սոցիումը, հասարակությունը միշտ ստանում է սոցիալական կապեր, պարտավորություններ և գիտակցություն չունեցողների իշխանություն, իմա` քրեականների իշխանություն:

Չընկալվեց, որ չի կարելի կառուցել ՙլիբերալիզմ՚ կամ ՙսոցիալիզմ՚, որը խորհրդային ժամանակներից եկած մի կաղապարված մտածողության արդյունք էր, որը ենթադրում էր նեղ կուսակցական աշխարհայացք: Նույն սովետական մարդը, որ կոմունիստ էր իրեն պատկերացնում, մոլեռանդությամբ փորձում էր լինել Հռոմի Պապից կաթոլիկ և կառուցել հերթական կոմունիզմը, իմա` լիբերալիզմը:

Մինչդեռ անհրաժեշտ էր հստակորեն տարբերակել միջոցները նպատակներից. ազատականությունը, ինչպես և սոցիալիզմը, միջոց է, իսկ նպատակը ողջամիտ, հավասարակշռված պետության, ներդաշնակ հասարակության և սոցիալապես արդյունավետ տնտեսության կայացումն է, արդարության և ազատության գաղափարների վրա հիմնված համակեցության երաշխավորումը:

Այսպիսով, մեզանում այժմ առկա է ծայրաստիճան բևեռացում, իսկ հասարակական բուրգի վերևում հայտնվել է հենց այն լյումպենը, որը նորմալ հասարակություններում նստած էր բանտերում: Ավելին, հայ հասարակության դեսոցիալիզացիայի ամենավտանգավոր կողմը հասարակության ձևի և բովանդակության անհամապատասխանությունն է: Հայաստանում բժիշկը, ուսուցիչը, ոստիկանը և նույնսիկ դերասանը իր բարքով և հասարակական գործառույթներով կաշառակեր է, հանցավոր համակարգի մասնակից և հանցակից, հետևաբար այդ բյուջետային զանգվածը նույնպես չունի ինքնուրույն հասարակական և, հասկանալի է, քաղաքական դիրքորուշում:

Այդ` կարծես թե ավանդաբար գիտակից զանգվածի ներգրավվածությունը և կախվածությունը իշխող դասից հանգեցրել է ոչ թե իշխանության, այսպես ասած, քաղաքակրթմանը, այլ հակառակը` այդ հարակից և դաշնակից խավերի լյումպենացմանը: Մշակութային և էթիկական ազդեցությունը հանգեցրել է հասարակության համատարած քրեականացմանը. մշակույթը, լեզուն, վարվելաձևը և այս ամենի թելադրողը դարձել է լյումպենը: Սին են այն հույսերը, թե ժամանակի ընթացքում կարելի է քրեական իշխանությունը հղկել:

Այդ իսկ պատճառով չի կարելի հանդուրժել գողական-քրեական մշակույթի ոչ մի դրսևորում և օրինակ. մենք պարտավոր ենք արմատախիլ անել այդ քրեակատարողական, փողոցային ժանտախտը մեր մշակույթից, քանի որ այն, ինչքան էլ որ զավեշտալի է, բայց և գաղափարական հիմքն է այս իշխանության համար:

Սոցիալական խմբերի համամասնությունների խախտում, սոցիալական բուրգի հիերարխիայի փոփոխություն և սոցիալական խմբերի ձևի և էության անհամապատասխանություն, գումարած հասարակության լյումպենացում. ահա սրանք են մեր արդի հասարակության խնդիրները և սրանք են ՙՍարդարապատ՚ շարժման կարծիքով լիարժեք հասարակության և պետության վերստեղծման համար կարևորագույն թիրախները:

Հետայսու, մեր կարծիքով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման դոմինանտ ուղղություններն են միջին խավի, արտադրության մեջ զբաղված և պետական բյուրոկրատիայից անկախ քաղաքացիների ստվար զանգվածի վերականգնումը նպատակասլաց սոցիալ-տնտեսական քաղաքականության միջոցով: Այդ ճանապարհին կարևորում ենք պետության վերադարձը տնտեսություն և պետական մասնակցությամբ արդյունաբերության վերականգնումը: Եվ այո, մենք պատկերացնում ենք Հայաստանը որպես երկիր-պրոյեկտ: Կարիք չկա վախենալ մեծ և պատվախնդիր ծրագրերից, քազի վստահ ենք, որ մենք կմնանք կամ որպես պրոյեկտ կամ ընդհանրապես ոչինչ չի հաջողվի, ինչպես չի հաջողվում առայժմ:

Վերադառնալով ներկային, հասկանալի է, որ ստեղծված պայմաններում խոսել կուսակցությունների մասին, հատկապես լիբերալ ուղղվածությամբ կուսակցությունների մասին, անիմաստ է, քանի որ քաղաքական կազմակերպությունների համար բացակայում են սոցիալական բազան` միջին դասակարգը: Այստեղ էլ իր դերն է խաղում նաև հասարակության բարոյալքումը, որը հետևեց դեսոցիալիզացիային: Եվ ունենալով ստվար, աղքատ զանգված, այդ զանգվածում ենք տեսնում առավել նվազ քաղաքական գիտակցություն, ի տարբերություն քիչ թե շատ ապահով խմբերի: Այս իրարամերժությունը ունի երկու պատճառ.

• վերջին տարիներին քաղաքական դաշտում գործող կուսակցությունները, թե աջ, թե ձախ կողմնորոշմամբ, անկարող եղան մոբիլիզացնելու և առաջնորդելու այդ զան•վածին, ինչը հիասթափություն առաջացրեց, աջերը` գաղափարախոսական կարծրացած պատկերացումներից, ձախերը` անձնական մորթապաշտությունից ելնելով,

• իշխանավորների` լյումպենացման նպատակասլաց քաղաքականության հետևանքով առավել աղքատ խավերը առավել ապաքաղաքականացվածն են և ապատեղեկացվածը, ինչը փաստացի հանդիսանում է իշխող վարչակարգի կայունացման ռեսուրս և կադրերի շտեմարան` շրջանցելով ավելի կրթված և քաղաքականացված խմբերին:

Այս հետաքրքիր մերձեցումը պայմանավորված է ինչպես ընդհանուր ակունքներով, այնպես էլ գիտակցված ընտրությամբ: Սահմանադրական կարգով առաջնորդվողի համար ընտրությունների մեխանիզմի այլասերումը ընդունելի չէ, նման մեթոդով վերարտադրված իշխանությունը անօրինական է, իսկ քրեական մտածողության և պատկերացումների մեջ նման անջրպետ չկա:

Հետևաբար հասարակության նպատակասլաց լյումպենացման գործընթացը իշխանությունների վերարտադրման մեխանիզմի լեգալացման երաշխիք է:

Այս իմաստով, Արևմուտքի իրական և շինծու թերությունները քննադատող և ժողովրդավարության և ընտրությունների մեխանիզմի դեմ հանդես եկող որոշ նորագույն գյուտարարների բարբաջանքը օրինականացնում է իշխանության ուժային զավթումը, որպես իշխանության վերարտադրման միակ և լեգիտիմ միջոց:

Գործող իշխանությունների քրեական էությունը անհարիր է սահմանադրական կարգին: Վարչակարգն իր գերիշխանությունը ապահովում է բոլոր հնարավոր և անհնար մեթոդներով և ընտրությունները այստեղ լոկ արտաքին դեկորատիվ բնույթ են ձեռք բերում: Մեզանում նախ կատարվում է իշխանության զավթում, իսկ հետո միայն` ընտրությունների միջոցով արտաքին լեգիտիմացում:

Այս վարչակարգը իր իշխանությունը չի ստացել ընտրություններով և չի էլ հանձնելու ընտրություններով: Հետևաբար, մենք նույնպես գալու ենք ոչ ընտրություններով և այն ձևով, ինչպես դա կընտրի գործող վարչակարգը:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստան երկրի առջև ծառացած խնդիրները իրենց էությամբ խորքային են և օբյեկտիվորեն կապված են մեր իսկ հասարակության դեգրադացիայի հետ, հետևաբար դրանց լուծումները չեն կարող լինել դասական կուսակցական մոտեցումներով և գաղափարականացված դեղատոմսերով: Լուծումները պահանջում են լայնախոհություն լայն շրջանակների համախմբման համար, իսկ կուսակցությունների վերստեղծման մասին կարելի է խոսել միայն հասարակության և պետության ինստիտուցիոնալ վերակենդանացումից հետո:

Հայաստանում ստեղծված քրեական համակարգի կազմակերպման մոդուսը քրեականների էթիկան է և դրա հակոտնյան ոչ թե նեղ կուսակցական մտածողությունն է, այլ Քաղաքացու, քաղաքացիական իրավունքների և հասարակական շահերի գերիշխանության մտածողությունն է:

Մենք չենք պատրաստվում կառուցել ոչ լիբերալիզմ, ոչ սոցիալիզմ, մենք ուզում ենք կառուցել Հայաստանը, մենք չենք ուզում ղեկավարել Հայաստանը, մենք ուզում ենք պայմաններ ստեղծել հասարակության ինքնակազմակերպման և ինքնաղեկավարման համար, և այդ նպատակին հասնելու համար ծրագրում ենք ոչ միայն սոցիալ-տնտեսական բարեփոխումների տրամաբանությունը, այլև օրենսդրական, սահմանադրական հիմքերի ստեղծումը:

Այս գործընթացում ամենակարևոր հարցերն են. ով և ինչպես:

Ով: Դուք, մենք, բոլորս, որովհետև այդ գործը ոչ-ոք մեր փոխարեն չի անելու, և միմիայն մեզնից է կախված մեր ապագան, ամենքից և յուրաքանչյուրից:

Ինչպես: Հասարակական կառույց, լայն, պարզ և շիտակ: Առանց գաղտնապահության և գաղտնաբանության: Մի կառույց, որը չի հանդուրժելու ոչ քրեական մշակույթ, ոչ էլ քրեական իշխանություն և քրեական ապագա, կառույց, որը կկարողանա ՙիքս՚ պահին ապահովել, անպայման չէ` շատ, բայց որակյալ, կամքի տեր տղամարդկանց և կանանց, որոնք գիտեն ինչ են անելու և առաջին քայլից հետո և առաջին հակահարվածից հետո:

Ավելին, այս գործում կարևորում եմ ևս մեկ հանգամանք: Ոչ մի իշխանություն չէր կարողանա դիմանալ հասարակական ճնշմանը, եթե մեզանում չլինեին շատ, չակերտավոր իհարկե, բանիմաց և խորաթափանց վայ-հայրենասերներ, որոնք կամովին իշխանության ամեն մի հիմարության մեջ իմաստություն են որոնում, սեփական վախը կամ ինքնախաբեությունը կոծկելու համար ընդիմադիրներին են պիտակավորում, և ի վերջո պատրաստ են արդարացնել յուրաքանչյուր անարդարություն և հանցագործություն, քանի դեռ իրենց անձամբ դա չի առնչվում: Այդ մարդիկ կան և Հայաստանում և Սփյուռքում, շատերը նույնիսկ իրոք օգնում են երկրին ֆինանսապես կամ այլ ձևերով: Եթե հաղթահարենք անտարբերների պասսիվությունը և ուղղորդենք վայ-հայրենասերների ծախսած միջոցները ճիշտ ուղղությամբ` գործող վարչակարգն ավելի շուտ կճողոպրի երկրից, քան մենք ենթադրում ենք:

Սփյուռքի հարյուրավոր միլիոնների օգնության չնչին տոկոսը բավարար էր լավ Հայաստան ստեղծելու համար, հասկանալով դրա տակ լավ պետական կառավարում և հասարակության վերականգնում:

Վայ-հայրենասիրության, ազգային պոռոտախոսության, ազգային սնափառության, ինքնախաբեության և ուղղակի տգիտության հաղթահարումը այն ճանապարհն է, որը թույլ կտա հաղթահարել հասարակության պառակտվածությունը և հասնել հաղթանակի: Հասարակության առջև ճիշտ հարցադրումներ և հստակ առաջարկներ անելով է միայն հնարավոր հասնել արդյունքի:

Ոչ մի կուսակցություն կամ անձ չի կարող ապահովել երկրի կայուն զարգացումը, բարօրությունը և արդարությունը, եթե հասարակությունը ինքը պատրաստ չէ ամեն օր ատամներով պաշտպանել ինքն իրեն պետական ապարատից և քրեականներից: Եվ մեր խնդիրն է ամեն գյուղում, բուհում, հիմնարկում, ընկերական շրջապատում ստեղծել դիմադրության օջախներ, որոնք ոչ միայն հիմա, այլ հետագայում և ընդմիշտ կվերահսկեն իշխանությանը և կվերստեղծեն այն Հայաստանը, որի մասին մենք բոլորս երազում ենք: Այդ որակն է մեր երազած Հայաստանը և ոչ թե ընտրված Նախագահը կամ Խորհրդարանը, և այդ վերակենդանացած հասարակությունն է միակ երաշխիքը հաջողության: Նման համակարգի դեմ ոչ մի իշխանություն չի կարող պայքարել:

Մենք` ՙՍարդարապատ՚ շարժումը, այլևս ոչինչ չունենք ասելու գործող իշխանություններին և ոչ մի համագործակցության եզրեր վարչակարգի հետ չենք պատկերացնում: Մեր գործունեության առարկան են մեր իսկ ժողովրդի հոգեբանական բարդույթները, որին պետք է օգնել, մեթոդը` առողջ և սկզբունքային քարոզչությունը, նպատակը` ժողովրդի կազմակերպումը և ցանցային կառույցի ստեղծումը: Ցանցային կառույց, ազատ և թափանցիկ բոլորի համար, որը պիտի իր շոշափուկներով հասարակության կմախքը դառնա և վերստեղծի այն սոցիումը, որը հարիր է մեր անցյալին և ապագային: Լուռ և համբերատար, ամենօրյա և ընդգրկուն, առանց ուղղահայաց կարծրության և հորիզոնական կուռ կապերի - սա է լուծումը:

Երբ հասարակությունը պատրաստ կլինի ստանձնել իշխանության պատասխանատվությունը, ապա անկախ ընտրական գործընթացներից` համակարգը պիտի գործի դրվի: Ամեն ինչ մեր ձեռքերում է և կախված է միայն և միայն մեզանից:

Շնորհակալություն:

Aucun commentaire: