lundi 11 octobre 2010

Սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը

Սեպտեմբերի 22-ին Գրողների միության տանը «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակի գնահատումը և ելքերի առաջադրումը» թեմայով կազմակերպած հավաքի ժամանակ ելույթ ունեցավ տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուքասզյանը։

Այսօր և ապագայում տեղի ունեցող նմանատիպ հավաքների իմաստը, որոնք կազմակերպում են «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը և «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպությունը, տարբեր վտակները ի մի բերելու, գետ դարձնելու մի երկարատև և շատ անհրաժեշտ գործընթաց է, որովհետև այդպիսի վտակներից է գոյանալու մեր նոր հանրապետության գետը։ Ինչու եմ նշում նոր հանրապետություն, որովհետև աշխարհը շատ արագ փոխվում է և հարց է, թե որքանո՞վ է մեր այսօրվա հանրապետությունը, որպես ամբողջություն ընկալում այդ փոփոխությունները։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում այդ փոփոխությունների չափը վերջին հիսուն տարում հաշվվում է տասնյակ հազարավոր անգամներով, որը բավականին դժվար է ընկալել։

Ահա, ուրեմն ի՞նչ հարաբերության մեջ է գտնվում մեզ հետ այս նոր ստեղծվող աշխարհը, կամ նոր տնտեսությունը, որը հենվում է տեղեկատվական և այլ բարձր տեխնոլոգիաների վրա։

Նշեմ ընդամենը մի քանի փաստեր։

Այս հավաքի ընթացքում խոսվեց ժողովրդագրական աղետի մասին և առաջիկա տաս-քսան տարիների ժողովրդագրական պատկերը ոչ մի լավ բան չի խոստանում մեզ։ Սակայն պետությունների, ազգերի մրցունակությունը այսօր չի չափվում միայն դրանով, այլ առաջին հերթին, չափվում է արտադրողականությամբ, և ի տարբերություն նախորդ արդյունաբերական դարաշրջանի, մարդկանց արտադրողականությունները կարող են տարբերվել հարյուրավոր, և անգամ հազարավոր անգամներով։ Այսպիսի թռիչքային տարբերությունը բացատրվում է այն նոր գործիքներով և արտադրողական ուժերի այն նոր իրավիճակով, որում հայտվել է մարդկությունը։ Նոր իրավիճակը իր հետ բերեց նաև աղետներ, ի մասնավորի Սովետական Միության փլուզումը, որը չդիմացավ մրցակցությանը։

Իսկ այսօրվա համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, որը դեռ երկար իրեն զգացնել կտա, ցուցանիշն է նաև նոր աշխարհի ծնունդի, որովհետև ամեն մի նոր աշխարհ ճգնաժամից է ծնվում։ Առաջին հերթին մենք այդ նոր աշխարհը պետք է կարողանանք տեսնել և որպես ժողովուրդ հասկանալ, թե ի՞նչ պետք է անենք, որպեսզի ունենաք մեր արժանի տեղը այդ աշխարհում, արժանի մեր պատմությանը, անցյալին և մշակույթին, և արդյո՞ք այդ ամենը հնարավոր է իրականացնել։

Նշեմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատում է շուրջ վեց հազար մարդ և մոտ երկու հարյուր կազմակերպություն։ Մասնավորապես, «Սինոպսիս» կազմակերպությունում մեկ աշխատողի միջին արտադրողականությունը մոտ հիսուն անգամ ավելի է ՀՀ–ում աշխատող անձի միջին արտադրողականությունից։ Այսինքն, մեկ անձը կարող է հիսուն հոգու արտադրանք տալ: Այդ կազմակերպությունում աշխատում են Հայաստանում կրթություն ստացած հայ երիտասարդներ, որոնք հաջողությամբ մրցակցում են համաշխարհային ամենաառաջավոր ընկերությունների բարձրորակ մասնագետների հետ։։ Սա ուսանելի մի օրինակ է, երբ հնարավոր է իրականացնել արժանի մրցակցություն: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող 6000 անձի տված արտադրությունը ՀՀ համախառն արտադրանքի մեջ կազմում է մոտ երկու տոկոս, ինչը շատ բարձր ցուցանիշ է։ Համեմատության համար ասեմ, որ Գերմանիայի Դաշնությունում տեղեկատվական տեխնոլոգիաների տված արտադրանքը տնտեսության մեջ ևս կազմում է երկու տոկոս։ Սակայն մեզ մոտ առկա են չօգտագործված ահռելի հնարավորություններ` թե Սփյուռքի ներգրավման, թե տեղական հնարավորությունների օգտագործման իմաստով։

Երկրների մեջ մրցակցությունը տեղի է ունենում տարբեր մոդելների հիմքի վրա։ Այսպես, Էստոնիան, որի բնակչությունը չի գերազանցում մեկ և կես միլիոնը, շատ լուրջ վերաբերվեց այն մարտահրավերներին, որի առաջ կանգնած էր երկիրը 1990–ական թվականների սկզբներին, երբ միանում էր Եվրոպային։ Էստոնացիները շատ լավ գիտակցեցին, որ 400–500 միլիոնանոց Եվրոպային միանալով որևէ հնարավորություն մրցակցելու, գոյատևելու և զարգանալու համար չունեն` իրենց մարդկային թվաքանակի և տարածքային ներուժի իմաստով։ Վերջիններս հաշվարկել էին, որ մրցակցելու համար անհրաժեշտ է, որ միջին էստոնացին 10–15 անգամ ավելի արտադրողականություն ունենա, քան միջին եվրոպացին։ Այսինքն, որպես ազգ գոյատևելու համար, Էստոնիայի բնակչության արտադրողականությունը պետք է լինի 15–20 մլն-անոց միջին եվրոպական պետությանը համարժեք և պետությունը իր ռազմավարությունը կառուցեց հաշվի առնելով նշված իրողությունները։ Խնդիրը լուծելու համար Էստոնիան ընտրեց ասիմետրիկ ճանապարհ, քանզի նա հարուստ եվրոպական երկիր չէր և չէր էլ կարող մրցել այդ հարուստ երկրների հետ։ Ճիշտ մարտավարություն և ռազմավարություն ընտրելու շնորհիվ այսօր Էստոնիան իր համար մրցակցային այդ շատ կարևոր խնդրի լուծման ճանապարհին է։

Նման իրավիճակում է այսօր գտնվում նաև Հայաստանը, որը պետք է ունենա ոչ թե մի խավ, որը «ադամանդ» է, այլ իր ամբողջ բնակչությունը պետք է հասնի այդ «ադամանդի» վիճակին, և ի վերջո երկիրը պետք է դառնա Մերձավոր Արևելքի «ադամանդ» երկիրը: Շրջապատված լինելով մեծ թվաքանակ ունեցող երկրներով, այն, այսպիսի շրջապատում գոյատևման համար, իր արտադրողականությամբ պետք է առնվազն հասնի 40-50 մնլ-անոց միջին մերձավոր-արևելյան երկրի արտադրողականության։ Դա հնարավոր է իրականացնել, քանի առկա են այն սաղմերը, որոնք «ադամանդի» հատկությունն ունեն և այդ ամենը իրականացնելու համար պետք է իրականացնել ինչպես ճիշտ նորարարական (ինովացիոն), այնպես էլ որոշակի սոցիալական քաղաքականություն։

Ակնհայտ է, որ այսօր Հայաստանում իրականացվող և տնտեսական և սոցիալական և տեխնոլոգիական քաղաքականությունը ունի այլընտրանքներ, այնպես, ինչպես այլընտրանք ունի Հայաստանում սկիզբ առած էլիտար օտարալեզու դպրոցների բացման քաղաքականությունը։ Հայաստանը կարիք ունի ոչ թե էլիտար օտարալեզու դպրոցների, որոնց փորձը տարածելի չէ այլ դպրոցներում, այլ օրինակելի դպրոցների, որոնցում յուրացված համաշխարհային լավագույն փորձը, նոր տեղայնացված մանկավարժական փորձը և մեթոդաբանությունը հնարավոր կլինի տարածել ամբողջ երկրով մեկ` մայրենի լեզվով։ Այսուհետ անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր դպրոցական, սկսած 1–ին դասարանից ունենա և համակարգչային և նոր տիպի մեդիա գրագիտություն, տիրապետի խմբային աշխատանքի, ինչը հնարավոր է իրականացնել միայն ցանցային միջավայրում։ Սա հեքիաթ չէ, քանի որ արդեն իսկ Հայասատանում կան մի քանի օրինակելի դպրոցներ, որոնք կրթությունը կազմակերպում են այդ սկզբունքներով և պետք է ձեռք բերած փորձը փոխանցեն այլոց։

Վերջում կուզեի մի պատմություն հիշել: 1972 թվականին Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (Մերգելյանի ինստիտուտը) Երվանդ Քոչարին պատվիրեց ստեղծել մի արձան, որը կոչվելու էր «Կիբերնետիկայի մուսա»։ Վարպետը ստեղծեց այդ արձանը և այն որոշված էր տեղադրել ինստիտուտի դիմաց գտնվող պուրակում։ Երբ արձանը գնահատող հանձնաժողովը տեսավ այդ արձանը, խորհրդային ժամանակներին հատուկ մի սարսափով որոշեց այդ արձանը թաքցնել ժողովրդից։ Այն տեղադրվեց ինստիտուտի` բարձրահասակ ծառերով շրջապատված մի տարածքում, և քանի որ ինստիտուտը համարվում էր փակ և գաղտնի հիմնարկություն, ուստի այդ արձանը տեսնողների թիվը շատ սահմանափակ էր։ Անցան տարիներ: Եկան անկախության տարիները և արձանը, չնայած ազատագրման մի քանի փորձերին, մնաց իր տեղում: Շատ խորհրդանշական է, որ վերջերս, ի թիվս Մերգելյանական ինստիտուտի այլ գույքերի, այն նույնպես «ի պահ» տրվեց Ռուսաստանի տնօրինությանը։ Ընդ որում ինչն է հետաքրքրական, որ մշակութային արժեքները, ըստ գործող օրենքի, օտարելի չեն: Այսպիսով հիմա էլ այդ արձանը այդպես էլ գտնվում է այլոց աչքից թաքցված վիճակում։ Մեծ Վարպետի կողմից ապագայի պատկերացումը այսօր ևս թաքցվում է իր ժողովրդից։ Մեր ազատագրումը նաև այդ արձանի`՝ «Կիբերնետիկայի մուսայի» ազատագրումով է գալու և այդ արձանը պետք է տեղադրվի Երևանի կենտրոնում, քանի որ մեր ժողովուրդը ոչ միայն անցյալի, այլ նաև ապագայի ժողովուրդ է: Սասունցի Դավթին պետք է վերադարձվի իր հայրական զենքը և նա պետք է ճնճղուկ որսացողից նորից դառնա Մարութա սարերի որսորդի կարգավիճակին: Միայն այս տաբույի վերացումից հետո Սասունը նորից կծաղկի: Եվ «Սարդարապատ» շարժումն էլ հենց այդ գործում իր անելիքն ունի։

Aucun commentaire: